Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայազգի միլիարդատէր Քըրք Քրքորեանը որոշել է ֆինանսաւորել Հայոց ցեղասպանութեան մասին գեղարուեստական ֆիլմի նկարահանումը: Տեղեկութիւնը հաղորդում է Showbiz411-ի սիւնակագիր Ռոջեր Ֆրիդմանը, որը նախկինում տասը տարի աշխատել է ամերիկեան հեղինակաւոր Fox News-ում:

«Օսմանեան կայսրութիւնը Հայաստանը կործանելու եւ իրենով անելու համար 1,5 միլիոն մարդու է կոտորել: Քըրքորեանը յուսով է, որ այս նոր ֆիլմը հայոց ցեղասպանութեան յիշատակի պսակը կը դանայ, ինչպէս «Շինդլերի ցուցակը»՝ հրէաների հոլոքոստի համար», - գրել է Ֆրիդմանը:

Ըստ աղբիւրի՝ Օսկարի առաջադրուած մի ռեժիսոր եւ սցենարիստ, որը խնդրել է իր անունն առայժմ չհրապարակել, արդէն տուել է ֆիլմը նկարելու համաձայնութիւնը: Տարբեր դերասաններ, որոնց անունները կը յայտարարուեն առաջիկայում, նոյնպէս պատրաստ են նկարահանուելու այդ ֆիլմում:

Սակայն Ֆրիդմանը նշում է, թէ իր բնորոշմամբ՝ Վիլեամ Սարոյեանից յետոյ Ամերիկայում ամենայայտնի հայերը՝ Քարդաշեանները, այդ կինօնկարում՝ որոշ հանգամանքներից ելնելով, դերեր չեն ստանայ:

Իսկ դեռեւս վերնագիր չստացած ֆիլմի նկարահանումները կը սկսուեն այս ամռանը, Եւրոպայում: Ֆիլմի բիւջէն, ըստ աղբիւրի՝ բաւական մեծ է: