Աղբիւր՝ www.tert.am

 

Թուրքիայում տպագրուել է նոր գիրք, որը պատմում է 1909-ին Ադանայում սկսուած, ապա Քիլիսում ու Զեյթունում շարունակուած 20 հազարից աւելի հայերի կոտորածների մասին, գրում է թուրքական T24 կայքը:

Թուրք ընթերցողներն այժմ հնարաւորութիւն ունեն ծանօթանալու այդ ջարդերը վերապրածների յուշերին:

Արի Շեքերեանի կողմից օսմաներենից թարգմանուած «1909-ի Ադանայի ջարդերը. երեք զեկոյց» գրքում ներկայացուած է Օսմանեան կայսրութիւնում եւ ողջ աշխարհում քննարկման առարկայ դառնալուց անմիջապէս յետոյ պատրաստուած երեք կարեւոր զեկոյց: Գրքում նաեւ 40-ից աւելի այդ շրջանում արուած լուսանկար կայ:

Գրքի նախաբանը գրել է թուրք պատմաբան Թաներ Աքչամը: Կարապետ Չալեանի, Արթին Ասլանեանի եւ Յակոբ Պապիկեանի զեկոյցները դէպքից 106 տարի անց առաջին անգամ ներկայացւում են թուրքերէնով:

Զեկոյցների հեղինակների կենսագրութիւնները դրանք աւելի հետաքրքրական են դարձնում:

Ջարդերից յետոյ Մէջլիսի կողմից Ադանայ ուղարկուած առաջին հետազօտող խմբում տեղ գտած Պապիկեանը զեկոյցի ներկայացումից մէկ օր առաջ կասկածելի հանգամանքներում մահանում է:

Ադանայում «Իթթիհաթ վէ Թերաքքի» կուսակցութեան հիմնադիրներից մէկը համարուող Չալեանն էլ սպանուել է 1920 թուականին: Իսկ Ասլանեանը մերժել է ջարդերի վերաբերեալ վկայութիւններ տալն ու փախել է Եգիպտոս, որտեղ էլ գրել է զեկոյցը: