Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ուրուգուայի Հանրային կրթութեան ազգային վարչութեան Կենտրոնական խորհուրդը «յատուկ հետաքրքրութեան թեմա է յայտարարել 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը` Օսմանեան կայսրութեան ձեռամբ իրականացուած Հայոց ցեղասպանութիւնը, որի 100-րդ տարելիցը լրանում է ապրիլի 24-ին»:

Ինչպէս տեղեկանում ենք Ուրուգուայի Հանրային կրթութեան ազգային վարչութեան պաշտօնական կայքից, որուշումն ընդունուել է 2015-ի փետրուարի 3-ին` թիւ 2 օրէնքի թիւ 1 բանաձեւով` Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման յանձնաժողովի ներկայացրած միջնորդութեան համաձայն, որը պահանջում է յատուկ հետաքրքրութեան թեմա հռչակել եւ ներառել այն 2015 թուականի ուսումնական ծրագրում: Բացի այդ, Կենտրոնական խորհուրդը գնահատել է հարաւամերիկեան խոշորագոյն Մերկոսուր կազմակերպութեան (Հարաւային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայ) խորհրդարանի` Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող հռչակագիրը, որն ընդունուել է 2007-ի նոյեմբերի 17-ին:

1986 թուականին ստեղծուած Մերկոսուր կազմակերպութեան կազմում են Արգենտինան, Բրազիլիան, Պարագուայը, Ուրուգուայը եւ Վենեսուելան, ասոցացուած անդամներ են Չիլին, Բոլիւիան, Կոլումբիան, Էկուադորը եւ Պերուն:

Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման յանձնաժողովի ներկայացրած միջնորդութեան մէջ ասւում է հետեւեալը. «Հայոց ցեղասպանութիւնն սկսուեց 1,5-2 մլն. հայի բռնի տեղահանմամբ, որը ծրագրել էր երիտթուրքերի կառավարութիւնը եւ իրականացրել 1915-1923 թուականներին: Կոտորածներն ու տեղահանութիւնը բնութագրւում են անասելի դաժանութեամբ, որին զոհ գնացին բազում հայեր: Կոտորածների ենթարկուեցին նաեւ այլ էթնիկ խմբեր` պոնտացի յոյներ, ասորիներ, սերբեր: Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման ամսաթիւն է ապրիլի 24-ը, երբ 1915-ին ձերբակալեցին հայ համայնքի 235 անդամի, որոնց թիւն այնուհետեւ հասաւ 600-ի: Թէեւ Թուրքիան, որը Օսմանեան կայրութեան իրաւայաջորդն է, չի ժխտում կոտորածների փաստը, չի էլ ընդունում, որ դրանք կատարուել են կառավարութեան կողմից նախապէս որոշուած ծրագրով, այլ զանգուածային կոտորածները ներկայացնում է որպէս Առաջին աշխարհամարտի տարիներին հակամարտութիւնների ու սովի հետեւանք: Մինչ այժմ Ցեղասպանութիւնն ընդունել է 22 երկիր»: