Աղբիւր՝ www.asbarez.com

 

Իսպանիայի հեռուստատեսութեան 2րդ ալիքի (La 2) «Երկրորդը՝ բոլորի համար» («Para todos La 2») ամէնօրեայ հաղորդաշարի հերթական հաղորդումը նուիրուած էր Հայոց Ցեղասպանութեանը: Հաղորդման հիւրերն էին «Արարատ» հայկական միութեան նախագահ Արարատ Ղուկասեանը եւ վերջերս լոյս տեսած «Արարատի Յիշողութիւնը» («La memoria del Ararat») գրքի հեղինակ, գրող, լրագրող, «Էլ պերիոդիկօ» («El periodico») օրաթերթի թղթակից Խաւիեր Մորետը (Xavier Moret):

Հաղորդման թեման Հայոց Ցեղասպանութիւնն էր, մարդկութեան դէմ այդ յանցանքի ծագման պատճառները, ընթացքը, հետեւանքները, ներկայիս ճանաչումն ու Թուրքիայի մերժողական պետական քաղաքականութիւնը եւ հայութեան պահանջը: Եթերում սկզբնապէս հեռարձակուեց փաստավաւերագրական եւ ծանուցողական ֆիլմ Ցեղասպանութեան մասին, որտեղ մեկնաբան Էռնեստ Բասկոմպտէ Սամսոն (Ernest Baskompte Samso) ներկայացրեց Ցեղասպանութեան փաստը, Թուրքիայի ներկայիս ժխտողական պետական մեքենան եւ այն երկրները, որտեղ պետականօրէն ճանաչւում է Հայոց Ցեղասպանութիւնը:

Այնուհետեւ տեղի ունեցաւ հայցազրոյցը, որը վարում էր հաղորդավարուհի Մարտա Կասերեսը: Վերջինիս առաջին հարցը հետեւեալն էր. «Արդեօք 100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանութիւնն իր հետեւանքն ունեցե՞լ է ներկայիս հայերի վրայ»: Հարցին պատասխանեց Արարատ Ղուկասեանը՝ ասելով, որ «ներկայումս Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ապրող 10 միլիոն հայերը, բոլորն անխտիր իրենց վրայ կրում են Ցեղասպանութեան հետքը, որը դեռ չսպիացած վէրք է, քանի դեռ իր արժանի պատասխանը չի ստացել եւ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը»: Հաղորդավարուհու հարցին, թէ նոյնիսկ ժամանակը դրանում չի կարող դեր խաղալ, Ղուկասեանը պատասխանեց, որ «թէկուզ եւս 100 տարի անցնի, այն մոռանալը մեղք է ոչ միայն հայերիս, այլեւ ողջ միջազգային հանրութեան համար»:

Ղուկասեանի խօսքը հաստատեց գրող Խաւիեր Մորետը, ով նշեց, որ 2013 թուականի Ապրիլի 24ին եղել է Ծիծեռնակաբերդում, եւ «հասկանալու համար թէ դա ի՛նչ է, պէտք է անպայման լինել այնտեղ»: «Հայաստանը չքնաղ մի երկիր է», շարունակեց իր խօսքը Մորետը, «հայ ժողովուրդը չքնաղ մի ժողովուրդ, որի հիւրընկալութիւնը, սէրը, վիշտը եւ ամէնը հասկանալու համար, պէտք է անպայման այցեցել Հայաստան»: «Ես սիրահարուած եմ Հայաստանին», նշեց Մորետը:

Բաց քննարկման ժամանակ Մարտա Կասերեսը նշեց, որ հրաւիրել են նաեւ Թուրքիայի դեսպանին եւ դեսպանատնից ներկայացուցիչներ, «ովքեր նոյնիսկ չեն պատասխանել հրաւէրին», որին Ղուկասեանը յաւելեց, որ պարզ եւ հասկանալի է, թէ ինչո՛ւ:

Գրող Խաւիեր Մորետը նշեց, որ շատ կարեւոր է, որ այնպիսի երկրներ, ինչպիսին են Իսպանիան եւ Իսրայէլը, պաշտօնապէս ճանաչեն Հայոց Ցեղասպանութիւնը, որպէսզի նման յանցանքներ, որոնց դժբախտաբար ականատես ենք լինում նաեւ հիմա աշխարհի տարբեր վայրերում, այլեւս չկրկնուեն:

Եւ ամենավերջում Արարատ Ղուկասեանը մէջբերեց Վիլեամ Սարոյեանի հանրայայտ խօսքերը, ով նշում է, որ «երբ երկու հայ հանդիպեն աշխարհի ցանկացած վայրում, կը ստեղծեն մի նոր Հայաստան»:

Հարցազրոյցից յետոյ պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց համատեղ եւ շարունակական համագործակցութեան մասին: Իսկ Խաւիեր Մորետի նորահրատարակ գրքի շնորհանդէսը տեղի կ՛ունենայ Վալենսիայի «Պատագոնիա» գրախանութում, որը կը ներկայացնի Արարատ Ղուկասեանը։

 

ԱՐԱՐԱՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ

Վալենսիա (Իսպանիա)