Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայում մի շարք հասարակական կազմակերպութիւններ դիմել են օտարերկրեայ ղեկավարներին՝ կոչ անելով չմասնակցել Դարդանելի ճակատամարտի 100-ամեակի տօնակատարութեանը, որն այս տարի առաջին անգամ անցկացուելու է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակման օրը՝ ապրիլի 24-ին:
Թուրքայի «Մարդու իրաւունքների միութեան» այլատեացութեան եւ խտրականութեան դէմ յանձնաժողովը, Իզմիրի ասորական եղբայրութեան, մշակութային եւ համերաշխութեան պլատֆորմը, «Նոր Զարթօնք» կազմակերպութիւնը, suryaniler.com մշակութային պլատֆորմը, Zan սոցիալ-քաղաքական տնտեսական հետազօտութիւնների հիմնադրամը համատեղ յայտարարութիւն են տարածել:
Յայտարարութեան մէջ նշւում է, որ Թուրքիայի ղեկավարները, լայնամասշտաբ ջարդերի սկիզբ համարուող տարեթիւը յաղթանակի տօնակատարութիւնների վերածելով, անարգում են ցեղասպանութեան զոհերի յիշատակը եւ ստորացնում նրանց սերունդներին, հրաժարւում զոհերին պատշաճ յարգանք ցուցաբերել: Կազմակերպութիւնները կոչ են անել աշխարհի առաջնորդներին, որ յայտարարեն, թէ իրենք չեն անարգի ցեղասպանութեան զոհերի յիշատակը:
«Մենք գիտենք, որ մի շարք պետութիւններ բացէիբաց չեն խօսում 1915-ի ցեղասպանութեան մասին: Բայց կրկին նրանցից մի քիչ խիղճ ենք պահանջում եւ ասում ՝ գնացէ՛ք Երեւան, որտեղ իսկապէս ցաւ կայ»,- մամուլի յայտարարութիւնից յետոյ ասել է «Մարդու իրաւունքների միութեան» փոխնախագահ Էրեն Քեսքինը: