Աղբիւր՝ www.yerkir.am
Մեծ Բրիտանիայի վարչապետը մերժել է ապրիլի 24-ին Երեւան ժամանելու հրաւէրը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Քեթրին Լիչը՝ ներկայացնելով, թէ ինչ մակարդակով է Մեծ Բրիտանիան ներկայ գտնուելու Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի արարողութիւններին: Այս մասին գրում է 168.am-ը:
«Դեսպանը տեղեկացրեց, որ անցեալ տարի Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրն ուղարկել են Մեծ Բրիտանիայի վարչապետին, ով պատասխանել է, թէ ցաւում է` անձամբ չի կարող ներկայ գտնուել միջոցառումներին, բայց նշել է, որ հասկանում է` որքան մեծ է այդ տարելիցի կարեւորութիւնը ողջ հայ ժողովրդի համար»,- գրում է թերթը:
«Ես գիտեմ, որ Մեծ Բրիտանիայի եկեղեցին է ներկայացուցիչ ուղարկելու, բայց կոնկրետ ով եւ ինչ մակարդակով՝ դեռ պարզ չէ, աւելի ուշ կը կարողանամ այդ մասին խօսել»,- ասաց Լիչը: Ամփոփելով` դեսպանն ասաց, որ եթէ ինքը եւս ստանայ հրաւէր, իսկ նա կարծում է, որ կը ստանայ՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում մասնակցելու է Հայոց ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման արարողութիւններին: