Աղբիւր՝ www.asbarez.com
Անցեալի ճանաչումը միակ ձեւն է կատարուած դէպքերն անցեալում թողնելու համար, որպէսզի դրանք նորից չկրկնուեն: Վենետիկի փառատօնի մրցանակակիր, գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինն այս համոզմունքը յայտնեց՝ Երեւանում ներկայացնելով Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող իր «Հատում» ֆիլմը: Կինոնկարի փակ ցուցադրութիւնն անցկացուեց Յունուարի 30ին «Սինեմա Սթար» կինոթատրոնում:
Ֆիլմի գործողութիւնները տեղի են ունենում 1915 թուականի Հայոց Ցեղասպանութեան ժամանակ եւ պատմում է Ցեղասպանութիւնը վերապրած հայ մարդու՝ Նազարէթ Մանուկեանի մասին, ով կորցրել է իր ընտանիքը եւ տարիներ անց յանկարծակի իմանում է, որ իր զոյգ աղջիկները, հնարաւոր, է ողջ են մնացել: Նա սկսում է երեխաների փնտռտուքները:
Ֆիլմում նկարահանուել են Արսինէ Խանճեանը, Սիմոն Աբգարեանը, Ակին Ղազին եւ այլք: Գլխաւոր հերոսին մարմնաւորել է ծագումով ալժիրցի դերասան Թահար Ռահիմը:
Ռեժիսոր Ֆաթիհ Աքինը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ առաջին անգամ Հայաստան է եկել երեւանեան միջազգային «Ոսկէ Ծիրան» կինոփառատօնի ժամանակ:
«Ինձ համար շատ յատուկ եւ նշանակալի ժամանակահատուած էր: Բաւական զգայուն պահ էր այն ժամանակ թուրքական ծագումով մարդու համար գալ այստեղ: Այն ժամանակ «Հատում» ֆիլմի գաղափարն արդէն ծագել էր, եւ նախագիծն էր ուրուագծւում, իսկ հինգ տարի անց պատրաստ ֆիլմով եմ եկել: Անկախ ամէն ինչից՝ ես ինձ խոստում էի տուել, որ պատրաստ ֆիլմով կը գամ այստեղ եւ կատարեցի խոստումս», նշեց Ֆաթիհ Աքինը: Ռեժիսորի խօսքով՝ ինքը նախորդ անգամ արդէն այցելել է Ծիծեռնակաբերդ, խօսել է Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանի հետ:
«Մի քանի առանցք եւ բանալի կար այդ ֆիլմն անելիս: Հիմնական գաղափարն այն էր, որ ես, աւելի ճիշդ իմ ծնողները, սերում են մի երկրից, որտեղ խօսքի ազատութեան սահմանափակումներ կային եւ հիմա էլ կան այս թեմայի շուրջ: Ժամանակին Թուրքիայում հնարաւոր չէր «ցեղասպանութիւն» բառն օգտագործել, հիմա էլ քիչ է հնարաւոր: Բայց ես հաւատում եմ խօսքի ազատութեանը. դա ամենակարեւոր արժէքներից մէկն է, եւ այն պէտք է պաշտպանենք: Իմ նպատակն էր ցոյց տալ, վերահաստատել, որ Թուրքիայում կայ քաղաքացիական շարժում, որն աճել է յատկապէս Դինքի սպանութիւնից յետոյ, եւ որ ցեղասպանութիւնը յիշւում է եւ ընդունւում: Սա քաղաքացիական շարժում է, ոչ քաղաքական, եւ ես դրա մասն եմ, եւ քանի որ Թուրքիայում ժողովրդականութիւն եմ վայելում, մտածեցի, որ Նազարէթի պատմութիւնը պատմելով, ես հարցեր կ՛առաջացնեմ եւ կը հաստատեմ քաղաքացիական շարժման գոյութիւնը: Ամբողջ աշխարհում շատ մարդիկ 1915 թուականի մասին չգիտեն: Միտքն այն էր, որ եթէ ֆիլմն ինչ որ լար է շարժում քո հոգում, սկսում ես տեղեկանալ այդ իրադարձութիւնների մասին: Ինչո՞ւ յիշել, ինչո՞ւ տեղեկանալ: Դա կողմեր բռնելու համար չէ: Ես գործ չունեմ: Բայց կարծում եմ, որ անցեալը ճանաչելն այն չկրկնելու միակ ձեւն է»,- նշեց Ֆաթիհ Աքինը:
Նրա խօսքով՝ ֆիլմն արդէն իսկ ներկայացուել է թուրքական կինովարձոյթում:
«Երկու տարի առաջ հնարաւոր չէր լինի ցուցադրել այն, սակայն այժմ միայն Ստամբուլում չէ, որ ներկայացրել ենք: Այլ քաղաքներում էլ է ցուցադրուել: Մեր նպատակը միշտ էլ եղել է կինոնկարը տանելը եւ պատմութիւնը Թուրքիայում փոխանցելը: 18-20 տարեկան երիտասարդները ֆիլմը դիտելուց յետոյ, ասում են՝ մենք սրա մասին բան չենք իմացել, գնում, ճշդում, կարդում են դէպքերի մասին: Դա լաւագոյն արդիւնքներից է, որին ֆիլմը կարող էր հասցնել», յայտնեց նա:
Ֆաթիհ Աքինը խոստովանում է՝ ֆիլմը նկարահանելիս մտածել է Ռոման Պոլանսկու «Դաշնակահարը» ֆիլմի մասին: «Ես հինգ տարի Հայոց Ցեղասպանութեան պատմութեան հետ եմ անցկացրել: Այնքա՜ն բան գիտեմ, որ իմ միջով եմ անցկացրել, ու ինձ դուր եկաւ ֆիլմի կաֆկայական իրականութիւնը»,- խոստովանեց ռեժիսորը:
Սցենարի համահեղինակ Մարտիկ Մարդինի համոզմամբ՝ ֆիլմը շատ անկեղծ է, քանի որ անկեղծ ու իրական մարդկանց մասին պատմութիւն է: «Ես համարում եմ, որ սքանչելի ֆիլմ է նկարահանուել: Իրական պատմութիւն է այն մարդկանց մասին, ովքեր այդ ցեղասպանութեան ճանապարհով են անցել», ընդգծեց նա:
Դերասանուհի Արեւիկ Մարտիրոսեանը վերյիշեց, որ Ֆաթիհ Աքինը հայկական ծագումով դերասաններ էր փնտռում Ֆրանսիայում, եւ իրենք հէնց այնտեղ են ծանօթացել: «Մենք հանդիպեցինք, եւ հանդիպման ընթացքում հասկացայ, որ նա ուզում է նկարահանել Ցեղասպանութեան մասին պատմող ֆիլմ: Ես մեծ հաճոյքով խաղացի այս ֆիլմում»,- նշեց նա: