Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը յայտարարել է, թէ իր երկրին Հայոց ցեղասպանութեան մէջ մեղադրելն իբր մահապատիժ է՝ առանց դատավարութեան: Անկարան, նրա պնդմամբ՝ պարտաւոր չէ ընդունել, որ Հայոց ցեղասպանութիւնը «հրամանով է եղել»:

«Հիւռիեթ դէյլի նիւզ»-ի փոխանցմամբ՝ «TRT Haber» հանրային հեռուստաընկերութեանը տուած հարցազրոյցում Էրդողանը նաեւ պնդել է, թէ Անկարան պատրաստ է վճարել ցանկացած սխալի համար, եթէ պատմաբանների անկողմնակալ խորհուրդը որոշի, որ Թուրքիան մեղաւոր է, իր բնորոշմամբ՝ «1915 թ. դէպքերի համար»:

«Մենք բացել ենք մեր արխիւները: Եթէ Հայաստանն էլ ունի արխիւ, ապա նրանք նոյնպէս պէտք է բացեն: Եթէ երրորդ երկրներն էլ ունեն, նրանք էլ պէտք է նոյնն անեն: Թող ուսումնասիրեն եւ իրենց զեկոյցները ներկայացնեն մեզ: Յետոյ եկէ՛ք որպէս քաղաքական գործիչներ սեղանի շուրջ նստենք: Եթէ արդիւնքները ցոյց տան, որ յանցագործութիւն ենք գործել, վճարելու բան ունենք, որպէս Թուրքիա կը գնահատենք այն եւ անհրաժեշտ քայլեր կը ձեռնարկենք»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ պնդելով, թէ հակառակ կողմն իր արխիւները չի բացել, իսկ միայն ասելով՝ Թուրքիան մեղաւոր չի դառնում: