Աղբիւր՝ www.tert.am

 

Թուրքական «Սաբահ» թերթի յօդուածագիր Էմրէ Աքեօզն անդրադարձել է Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ տեղի ունեցող իրադարձութիւններին, ամփոփել է անցեալն ու խօսել հնարաւոր տարբերակների մասին: Յօդուածը ներկայացնում ենք ստորեւ.

«Այսօր ամսի 24-ն է... Ապրիլի 24-ին ընդամենը 3 ամիս է մնացել: Այժմ այդ ամսաթուի կարեւորութեան մասին...

«Իթթիհաթ վէ Թերաքքիի» («Միութիւն եւ առաջադիմութիւն» կուսակցութիւն- Tert.am) ժամանակաշրջանում հայերին այս հողերից «մաքրելու» որոշում կայացուեց:

Դրա մի մասն էլ 1915 թուականի ապրիլի 24-ին Ստամբուլից հարիւրաւոր հայ քաղաքական գործիչների, մտաւորականների ու արուեստագէտների ձերբակալութիւնն ու աքսորն էր:

Ապրիլի 24-ը Ցեղասպանութեան սկզբի օր է յիշատակւում եւ ոչ միայն հայերի կողմից: Ա.Մ.Ն.-ի նախագահները, օրինակ, ամէն ապրիլի 24-ին «Հայկական հարցի վերաբերեալ» ելոյթով են հանդէս գալիս, սակայն Անկարային անհանգստութիւն չպատճառելու համար «ցեղասպանութիւն» եզրոյթը չեն օգտագործում:

Օրինակ՝ Բարաք Օբաման, ով նախագահ դառնալուց առաջ քարոզչութեան ընթացքում «Հայոց ցեղասպանութիւն» էր ասում, նախագահ դառնալուց յետոյ 1915-ը բնութագրելու համար հայերի օգտագործած «Մեծ եղեռն» հոմանիշը նախընտրեց:

Դրա փոխարէն, օրինակ, 2012 թուականին ասածը ցեղասպանութեան ճանաչումն էր՝ արտայայտուած այլ խօսքերով։ «Օսմանեան կայսրութեան վերջին տարիներին դաժանաբար կոտորուած կամ մահուան երթի հարկադրուած մէկուկէս միլիոն հայերի յիշատակն ենք յարգում»,- ասել էր նա:

Յաջորդ տարիներին էլ գրեթէ բառ առ բառ նոյնը կրկնեց:

Նախագահներն այդ գիծն են նախընտրում, սակայն Ա.Մ.Ն.-ում այլ կարծիքի մարդիկ էլ կան: Ա.Մ.Ն.-ի 50 նահանգներից 41-ը ճանաչում է Ցեղասպանութիւնը: Աշխարհի 22 երկրների խորհրդարաններ էլ են ճանաչել Ցեղասպանութիւնը:

Այդ առումով Անկարայի կողքին կանգնող փոքրաթիւ երկրներից մէկն էլ Իսրայէլն է: Իսրայէլի պնդումը հետեւեալն է. «Հոլոքոստը՝ ֆաշիստների կողմից հրեաների ցեղասպանութիւնը, աննախադէպ է եւ դրա նմանը չի եղել»:

Հետեւաբար՝ Իսրայէլը Հայոց ցեղասպանութիւնը չի ճանաչում՝ հրեաների ցեղասպանութեան առաջնայնութիւնը պահպանելու նպատակով:

Չանաքքալէի (Գալիպոլի) ռազմավարութիւնը

Եւ ահա, 2015-ի ապրիլին ընդառաջ Թուրքիայի համախոհների թիւը մեծ չէ: Այդ պատճառով էլ Անկարան Ցեղասպանութիւնը ժխտող իր թեզն առաջ տանելու համար շատ ջանքեր պէտք է թափի:

Փոքր պետութիւն Հայաստանը մեծ ազդեցութիւն չունի, բայց հայկական սփիւռքը... այսինքն՝ 100 տարի առաջ Օսմանեան կայսրութիւնից աքսորուած ընտանիքների թոռները լուրջ արշաւ են իրականացնելու:

Տեսնենք Նիւ Եօրքում, Վաշինգտոնում, Փարիզում բարձրանալիք աղմուկին Անկարան ի՞նչ պատասխան է տալու:

Միւս կողմից Անկարայի ռազմավարութիւնը քիչ թէ շատ յայտնի է. Ցեղասպանութեան դէմ «Չանաքքալէի պատերազմն է» առաջ քաշուելու, քանի որ այդ կերպ ժողովրդի մեծ մասի զգացմունքներին մօտենալն է հեշտ՝ թուրք լինելու, մուսուլման լինելու, Արեւմուտքի դէմ հանդէս գալու միջոցով:

Օրինակ՝ երկու տարի անց բոլոր համալսարաններում մարտի 18-ին որպէս ճաշ ցորենի ապուր, կոմպոտ եւ հաց տալու առաջարկ եղաւ. 1915-ին Չանաքքալէում զինուորները դրանք էին կերել: Այժմ էլ ուսանողները նոյնն են ուտելու եւ Չանաքքալէի զոհերի յիշատակը վառ են պահելու... Իրական նպատակը 2015-ին նախապատրաստուելն էր անշուշտ:

Ապրիլի 24-ին հայկական սփիւռքը մի կողմից «ցեղասպան թուրքեր» է բղաւելու, իսկ միւս կողմից Անկարան դրան ի պատասխան ասելու է. «Երբ մեր զինուորները զոհւում էին, հայերը մեզ թիկունքից հարուածեցին»:

Այս վիճաբանութեան ընթացքում ինձ ամենից շատ նեղացնողը լինելու են «սպանել ենք, դարձեալ կը սպանենք» ասողները...»։

Յիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանին Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրը, հրաւիրել է Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամեակի միջոցառումներին: Սերժ Սարգսեանն արձագանքել է նրա հրաւէրին՝ նշելով. «Մեզ մօտ ընդունուած չէ հիւրընկալուել հրաւիրուողին՝ առանց սեփական հրաւէրի պատասխանն ստանալու»: