Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն, ըստ այդ երկրի լրատուամիջոցների,  հայերին կոչ է արել համատեղ որոնել Թուրքիայի հետ պատմական տարաձայնութիւնները հարթելու ուղիները:

Իր բնորոշմամբ՝ «հայ-թուրքական բարեկամութեանը հաւատացողներին» նա յորդորել է սկսել նոր էջից:

«Թուրքիան արդէն իսկ յայտարարել է, որ կիսում է հայերի տառապանքի ցաւը եւ ընդունում, որ 1915 թուականին պատերազմի պայմաններում բռնի տեղահանութիւններն անմարդկային հետեւանքների յանգեցրին: Ու ժամանակն է՝ կրկին փորձել վստահութիւն հաստատել երկու ժողովուրդների միջեւ»,- ասել է նա:

Այս ամէնի մասին իր խորհրդածութիւնները Դաւութօղլուն շարադրել է Հրանտ Դինքի սպանութեան ութերորդ տարելիցի առիթով տարածած իր գրաւոր յայտարարութեան մէջ, որում, դարձեալ թուրքական ոճով՝ հրաւէր կայ.

«Ուստի, փոխադարձ նախապաշարումները յաղթահարելու համար մեր հայ բարեկամներին հրաւիրում ենք աւելի շատ այցելել Թուրքիա»:

Այս յայտարարութիւնը Թուրքիայի վարչապետն անում է այն օրերին, երբ իր երկրի նախագահը Հայաստանի պաշտօնակցին հրաւիրել էր ապրիլի 24-ին մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին, ու Հայաստանի նախագահից, բնականաբար, մերժում ստացել:

Մինչ օրս Էրդողանը չի պատասխանել Հայաստանի նախագահի հրաւէրին՝ ապրիլի 24-ին երեւանում մասնակցել Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի յիշատակի միջոցառումներին: