Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին առնչուող բոլոր ձեռնարկներն ու արարողութիւնները մեր յիշողութիւնն են, մեր վիշտն են, եւ ակնկալիքների կարիքը չկայ, որ Բարաք Օբաման կամ Ֆրանսիայի խորհրդարան ասեն մեզ այն՝ ինչ մենք արդէն գիտենք: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցի ընթացքում ասել է Տարածաշրջանային հետազօտութիւնների կենտրոնի տնօրէն Ռիչարդ Կիրակոսեանը` պատասխանելով այն  հարցին, թէ 2015-ին, երբ Հայաստանը նշելու է Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցը, Հայաստանը կը կարողանա՞յ շահել այն քարոզչութիւնից, որ պարտարդրուել է անել` իբրեւ հակազդեցութիւն Թուրքիայի գործողութիւններին, քանզի երբ ակնկալիքները մեծ են, հիասթափութիւնն էլ մեծ է լինում:

«Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի հետ կապուած` ակնյայտ է, որ  բոլոր նրանք՝ ովքեր ժխտում են այդ փաստը,  հանդէս կը գան իբրեւ բարոյապէս սնանկ: Յայտարարութիւնները, որոնք գալիս են Ա.Մ.Ն.-ից կամ մի այլ երկրից, աւելի շատ նրանց խայտառակելու համար են: Ցեղասպանութեան ճանաչման ամենակարեւոր դաշտը հիմա թուրքերի կողմից ճանաչումն է»,- ընդգծել է Ռիչարդ Կիրակոսեանը:

Անդրադառնալով այն հարցին, թէ բնականաբար` 2015-ին եւ յառաջիկայ տարիներին նման բան Թուրքիայից չէ՞ք սպասում, քաղաքագէտը պատասխանել է, որ հարցը սպասել-չսպասելը չէ:

«Եթէ Թուրքիայի տեսանկիւնից նայենք, ուստի Թուրքիայում սպասողական դրութիւն է, որովհետեւ իրականութեան մէջ բոլոր թուրքերը, որոնք արդէն ճանաչել են Ցեղասպանութիւնը, պահանջում են իրենց կառավարութիւնից, որ նա եւս ճանաչի:

Եւ թուրքական կառավարութեան այն արշաւը, որ միլիոնաւոր դոլարներ է դնում` ապահովելու Ցեղասպանութեան ժխտումը, աւելի է մեկուսացնում կառավարութեանը»,- յայտարարել է Ռիչարտ Կիրակոսեանը:

Նա առաջարկում է ուշադրութիւն դարձնել այն հանգամանքին, որ որոշ պետութիւններ, որոնք անգամ գոյութիւն էլ չեն ունեցել Հայոց ցեղասպանութեան ժամանակ, ինչպէս` Ադրբեջանը, ժխտում են  Հայոց ցեղասպանութիւնը:

Որքան էլ սա մեր վիշտն ու մեր յիշողութունն է, այնուհանդերձ,  կայ կարծիք, որ քարոզչական առումով շատ մեծ անելիք ունեն հայ  հանրայայտ  արուեստագէտները, մտաւորականներն ու մշակութային գործիչները, ինչպէս օրինակ` Սերժ Թանգեանը, որ ոչ միայն ապրիլին գալու է  Հայաստան, այլեւ` իր հետ բերելու է հոլիւուդեան հանրայայտ աստղ Ջորջ Քլունին:

Ի պատասխան հարցին, թէ իրենք ի՞նչ կարող են անել եւ կարո՞ղ են, արդեօք, պետութիւնից շատ բան անել այս առումով, քաղաքագէտն ասել է,- «Անկեղծն ասեմ` այնպիսի մարդիկ, ինչպէս Սերժ Թանգեանը, բաւական շատ բան են արել եւ անում են, բայց Թանգեանն այլ հարցերի շարքին մտահոգուած է նաեւ Հայաստանում մարդու իրաւունքների հարցերով: Այսինքն` մենք չպէտք է աւելին ակնկալենք մշակոյթի հետ կապ ունեցող Սփիւռքի անձերից, պէտք է աւելին պահանջենք մեր կառավարութիւնից ու մեր քաղաքացիներից»: