Աղբիւր՝ www.aztagdaily.com
«Դրացիներ. հայեացք Հայաստանից» գիտաժողովը հատել է եզրային գիծը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տեղեկատուութեան ծառայութիւնից «Արմէնփրես»-ին տեղեկացրել են, որ 15-17 դեկտեմբերին տեղի ունեցած գիտաժողովը կազմակերպել էր «Շրջանային իրադարձութիւնների գիտավերլուծական կենտրոն»-ը, Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագիրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ առաջնորդների դպրոցի, Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայաստանի հանրապետութեան Պետական կառավարման կաճառի աջակցութեամբ: Գիտաժողովի ընթացքում մասնագէտները անդրադարձել են Արցախի շուրջ ստեղծուած իրադարձութիւններին, Դ.Ա.Է.Շ. ահաբեկչական խմբաւորման եւ արաբական աշխարհի մէջ համապատասխան զարգացումներին, Հայոց ցեղասպանութեան ժխտման քաղաքականութեան իրաւական եւ քաղաքագիտական դիտանկիւններին:
17 դեկտեմբերին` գիտաժողովի փակման օրը, տեղի է ունեցել Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար, թրքագէտ Արտակ Շաքարեանի «Ուղեցոյց երիտասարդ դեսպանին. փաստեր Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ» գրքի շնորհահանդէսը: Գիրքը տպուել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի իբրեւ Հայաստանի հանրապետութեան նախագահի գործընկեր կազմակերպութեան կողմէ յայտարարուած դրամաշնորհային մրցումի շրջանակում: Գիրքը, ըստ էութեան, անդրադառնում է Հայոց ցեղասպանութեան խնդիրին եւ ամփոփ ներկայացնում, որ Հայաստանի հանրապետութիւնն իբրեւ հատուցում պաշտօնապէս ինչ է պահանջում Թուրքիայից:
Հ.Յ.Դ.-ի Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը գիրքը կարեւոր հրատարակութիւն է նկատել. «Այս գիրքը զինում է երիտասարդութիւնը այն կարեւոր պատասխաններով եւ մօտեցումներով, որոնց յաճախ թրքական կողմը խեղաթիւրում է իր տեսակէտի մէջ ներկայացնելով»,- նշել է նա: Կիրօ Մանոյեանը յատկապէս կարեւոր է նկատել գրքի յառաջաբանը, որտեղ ներկայացուում է, որ Թուրքիան որդեգրել է կասկած յարուցելու քաղաքականութիւն:
Ըստ Մանոյեանի, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի սեմին, միայն մենք յաջողեցինք ունենալ Հայոց ցեղասպանութեան հատուցում պահանջող համապարփակ թղթածրար, որովհետեւ անցեալի բազմաթիւ նման փորձերը անյաջողութեան էին մատնուել:
Արտակ Շաքարեանը, ներկայացնելով «Ուղեցոյց երիտասարդ դեսպանին. փաստեր Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ» գրքի օգտակարութիւնը, նշել է. «Թուում է, թէ հայ հանրութիւնն ամբողջովին տեղեկացուել է Հայոց ցեղասպանութեան մանրամասնութիւններին: Սակայն, իրականութեան մէջ Հայոց ցեղասպանութեան մասին մեր ժողովրդի անդամների զգալի մասի գիտելիքները ո՛չ հիմնաւոր են, ո՛չ էլ, առաւել եւս, փաստարկուած: Մինչդեռ նշուած հիմնախնդիրների վերաբերեալ թերի տեղեկացուած հայ երիտասարդները, արտասահմանում զանազան առիթներով հանդիպելով թուրք եւ ադրբեջանցի համապատասխան կառոյցների կողմից նախօրօք պատրաստուած անձերի, յաճախ դժուար իրավիճակների մէջ են յայտնուում: «Ուղեցոյց երիտասարդ դեսպանին» աշխատանքը ուղղուած է լրացնելու այս բացը»:
Գրքում ներկայացուած նիւթերի շրջանակում ուսումնասիրուել են Հայոց ցեղասպանութեան մասին թրքական գրականութիւնն ու հակահայկական կայքերի քարոզչական բնոյթը: Այս մարզում ճանաչուած հայ մասնագէտների հետ քննարկուել են թրքական ժխտողական հիմնական թէզերը, միացեալ փորձ է կատարուել վերջիններին տալու կարելի եղածի չափ հիմնաւոր, սեղմ եւ ընդգրկուն պատասխաններ: Գրքում, մասնաւորապէս քննարկուում են Թուրքիայի ժխտողական քաղաքականութիւնը, Հայոց ցեղասպանութեան զոհերի թիւը, հայերի ինքնապաշտպանութիւնները, բռնագաղթի` իբրեւ բնաջինջ գործիքի օգտագործումը, ինչպէս նաեւ օսմանեան դատարանի կողմից հայերի կոտորածների դատապարտումը:
Գիրքը նախատեսուել է արտասահման մեկնող երիտասարդների համար, ովքեր այս կամ այն ձեւաչափով քննարկելու են Հայոց ցեղասպանութիւնը, կամ հանդիպումներ են ունենալու թուրք պաշտօնակիցների հետ: