Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ 20-րդ դարասկզբին մարդկութեան դէմ գործւած այդ ոճրագործութեան մասին հանրային իրազեկմանն ու դատապարտմանն ուղղւած "#2015RTAG. Ճանաչէք Հայոց ցեղասպանութիւնը" խորագիրը կրող նախաձեռնութիւնը շարունակում է նոր թափ հաւաքել:

"Արմէնպրեսի" փոխանցմամբ` նախաձեռնութեան հեղինակների ջանքերով արդէն ստեղծւել է յատուկ ինտերնետային կայք` 2015rtag.com, որը միտւած է նախաձեռնութեանն աւելի մեծ թւով մարդկանց ներգրաւելուն:

Կայքում տեղադրւում են այն անձանց լուսանկարները, ովքեր արդէն իսկ մասնակցել են #2015RTAG շարժմանը: Բացի այդ, այստեղ եօթ լեզւով` հայերէն, ռուսերէն, անգլերէն, իսպաներէն, պորտուգալերէն, ֆրանսերէն և իտալերէն, ներկայացւած է, թէ ինչպէս պէտք է մասնակցել նախաձեռնութեանը` "#2015RTAG. Recognize The Armenian Genocide" գրութեամբ պաստառով լուսանկարւելով և լուսանկարը ներբեռնելով: Միաժամանակ կայքում կայ ժամատախտակ, որտեղ յետհաշւարկ է ընթանում մինչև 2015 թւականի ապրիլի 24-ը:

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ Մարսելի հայ համայնքը սկսել է շարժում, որի նպատակն է համացանցի միջոցով տարածել Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու կոչ: Շարժմանն արդէն իսկ միացել են հազարից աւելի մարդ, այդ թւում նաև մի շարք յայտնի անհատներ (Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսեան, ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեան, ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեան, ԵՄ պատգամաւոր, ԵՄ-Հայաստան պառլամենտական բարեկամութեան խմբի ղեկավար Էլենի Տեոխարուս, Հրանտ Դինքի իրաւապաշտպան Ֆեթիէ Չեթին, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամաւոր Վալերի Բուայէ, Հայաստան-Ֆրանսիա պատգամաւորական բարեկամական խմբի փոխնախագահ Ֆրանսուա Ռոժբլուան, Ֆրանսիայի Դեսին քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրա, ֆրանսիական շոու բիզնեսի և հասարակական-քաղաքական շրջանակներ ներկայացուցիչներ և այլն):

Այս նպատակով Facebook-ում և Twitter-ում բացւել է յատուկ էջ, որտեղ տեղադրւում են շարժմանը միացած մարդկանց նկարները: