Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Պատմաբան Թաներ Աքչամը մի յօդւածաշարքի մէջ Հայոց հարցի տեսանկիւնից քննարկում է «Նոր Թուրքիայի» դպրոցներում գործածւած դասագրքերը, որոնք բոլորովին հակասում են այժմ նոր մի Թուրքիա կերտած լինելու պնդումներով յայտնւող, մինչեւ իսկ հայերն էլ այս նոր Թուրքիայի հիմնադիր հանդիսանալու հրաւէր ուղղող Արդարութեան եւ բարգաւաճման կուսակցութեան իշխանութիւնների յայտարարութիւններին: «Նոր Թուրքիայի» գաղափարն անշուշտ մի տեսլականի արդիւնք է, նախագահ Էրդողանի ընտրական ամբողջ արշաւը հիմնւեց այս տեսլականի վրայ եւ Դաւութօղլուի կառավարութիւնն էլ այժմ իր ծրագիրը պատրաստել է այս տեսլականի լոյսի տակ: Նոյնիսկ հայերին, քրիստոնեաներին եւ հրեաներին հրաւէր ուղղւեց, որպէսզի նրանք էլ մասնակցեն ու դառնան նոր Թուրքիայի հիմնադիրները, եւ մերժողների նկատմամբ ոմանք բարկութիւն արտայայտեցին: Բայց,- ասում է Աքչամը,- հետաքրքրական է իմանալ, որ նոր Թուրքիայի հիմնադիրներն ի՞նչ են մտածում հայերի կապակցութեամբ: Այս մասն էլ գաղափար կազմելու համար բաւական է նայել, թէ նրանք ինչպիսի՛ դասագրքեր են կարդալ տալիս դպրոցներում, որովհետեւ դասագրքերը լաւագոյնս ցոլացնում են իշխանութիւնների մտայնութիւնը:

Աքչամը դիտել է տալիս տայ, որ այժմ դպրոցներում գործածւած դասագրքերը շատ յստակ կերպով ցոլացնում են Էրկենեքոնի գլուխով նոր սերունդներ հասցնելու մտահոգութիւն: Նախակրթարանի ութերորդ դասարանի աշակերտները, որոնք այս նիւթի հետ առաջին անգամն են դէմ յանդիման գալիս, դասագրքից իմանում են, որ Թուրքիայի անվտանգութեան դիմաց երեք հիմնական վտանգներ կան՝ Հայոց հարցը, ահաբեկչութիւնը եւ միսիոնարները: Այս իրողութիւնից մեկնելով՝ Աքչամը ասում է, որ դեռ տիրում է Էրկենեքոնի այն մտայնութիւնը, որի պատճառով սպաննւեցին Մալաթիայի միսիոնարները կամ Պոլսում Հրանդ Դինքը: Ուրեմն նոր Թուրքիայի հիմնադիրներն էլ նոյն մտայնութիւնն ունեն եւ Հայոց հարցը Թուրքիայի թիւ մէկ վտանգն են նկատում: Այս կարգից է անշուշտ, որ նրանք հայերին ծանօթացնում են որպէս մի ժողովուրդ, որ հայրենիքը պառակտել է ջանում, որ թուրքերի ու մահմետականների վրայ յարձակւում է, որ նոյնիսկ այս նպատակներին հասնելու համար յերիւրել է Հայոց ցեղասպանութեան սուտը:

Հարկաւ հիմա նոր Թուրքիայի կերտիչներն առարկելու են՝ ասելով, որ այս դասագրքերն առաջուց պատրաստւել էին, նւազագոյնը մէկ տարի պէտք է, որպէսզի նոր դասագրքեր պատրաստւեն, ուստի հարկաւոր է մի քիչ սպասել: «Մենք անշուշտ պատրաստ ենք ընդունելու, եթէ մեզ ասւի, որ՝ «Ներողութիւ՛ն, մենք անմիջապէս փոխելու ենք այդ դասագրքերը»: Այդ ներողութիւնն ընդունելի է լինելու, որովհետեւ եղածի դիմաց անելիք միակ բանն է ներողութիւն խնդրել եւ այդ դասագրքերը ետ հաւաքել, ասում է Աքչամը:

Աքչամն իր խորհրդածութիւնները յառաջ տանելով՝ ասում է, որ իրականութեան մէջ պէտք է տարբեր հարցում ուղղել հայերն: Հարցնել, թէ՝ «Դուք ինչպէ՞ս էք շարունակում ապրիլ մի երկրի մէջ, որի երիտասարդներին ներկայացւում էք որպէս վտանգ ու թշնամի»: Ի՞նչ տեսակ բան է ապրել այսպիսի երկրում»: Ուրեմն փոխւած բան չկայ: Դեռ ո՛չ միայն կրկնւում են Էսադ Ուրազի, Քեամուրան Գիւրիւնի, Գիւնդիւզ Աքթանի եւ Եուսու՝ Հալաճօղլուի նմանների այլեւս օթեկցած տեսակէտները, այլ նաեւ կրկնւում է զինւորական տիրապետութեան Էրկենեքոնի մտայնութիւնը:

Թաներ Աքչամը «Թարաֆ»-ի մէջ հրատարակւած իր յօդուածի երկրորդ մասում էլ, շարունակում էր նայել ուրիշ դասագրքերի: Սրանցից մէկն էր «Օրթաէօղրեթիմ-Թիւրքիյէ Ջումհուրիյէթի ինքիլափ թարիհի վէ աթաթիւրքջիւլիւք» դասագիրքը: Այս գրքում Ադանայի կոտորածները ներկայացւել են որպէս «Ադանայի հայոց ապստամբութիւնը»: Մինչդեռ այս դէպքերի մասին այդ շրջանի իթթիհատականներն անգամ այսպիսի լեզու չէին գործածել, ուրեմն այսօրւայ նոր Թուրքիայի հիմնադիրները 1909 թւականի իթթիհատականներից իսկ ետ են մնում:

Թաներ Աքչամը նայում է նաեւ, որ այս գրքում ինչպէ՛ս է խօսւել 1915-ի պատահարների մասին եւ դիտել է տալիս, որ դասագիրքը կրկնում է նիւթեր, որոնք արդէն անգիր սովորել ենք, եւ որոնք որեւէ լուրջ բովանդակութիւն չունեն: Օրինակ, դասագիրքը պատմում է, որ 1914-1915 թւականներին հնչակ եւ դաշնակ կուսակցութիւնները Անատոլուի զանազան տեղերում ապստամբութիւններ իրականացրեցին: Սրանք մինչեւ իսկ սպանում էին այն հայերին, որոնք իրենց չէին միանում: Նոյնիսկ ասում էին. «Եթէ փրկւել էք ուզում, նախ դրացուդ ոչնչացրու եւ տակաւին ինչե՜ր: Հայերն օգտւելով  այն իրողութիւնից, թէ թուրք այրերը ռազմաճակատ էին մեկնել, յարձակւեցին անպաշտպան մնացած թրքական գիւղերի վրայ եւ սպանեցին գիւղի ժողովրդին՝ առանց խտիր դնելու կանանց եւ մանուկների միջեւ:

Թաներ Աքչամը նորութեան մասին չի խօսում. արդարեւ, հին տեսակէտ է այն պնդումը, որ այսօր էլ տեղ ունի դասագրքերում, եւ ըստ որի, հայերը կռնակից զարկեցին օսմանեան բանակին, այդքանով էլ չբաւարարւեցին, ռուսերի ի նպաստ լրտեսութիւն արեցին եւ իրենց քաղաքներում ապստամբելով՝ դիւրացրեցին ռուսերի բռնագրաւումը:

Թաներ Աքչամը յիշեցնելով այս բոլորը՝ դիտել է տալիս, որ այսօր եւս Թուրքիայում ապրող հայեր կան: «Դուք մէկ անգամ ձեզ այդ հայերի տեղը դրէք՝ խնդրեմ»,- գրում է Թաներ Աքչամը:

Աքչամը դիտել է տալիս, որ դասագրքերում միշտ նոյն պատմութիւններն են տեղ գտնում: «Օսմանեան պետութիւնը պատերազմի պատճառով տեղահանւած հայերի կապակցութեամբ միջոցառումներ էր ձեռք առել, տեղահանւած հայերի տուրքերը յետաձգւեցին, արտօնւեց, որ իրենց ուզած իրեղէնները միասին առնեն եւ նրանց մօտ պաշտօնեաներ տրւեցին, որպէսզի պաշտպանւեն տեղահանւած հայերի կեանքն ու ինչքերը: Թաներ Աքչամի համաձայն, այս բոլոր խենթի ցափռտուքները որպէս պատմական տեղեկութիւն հաղորդւում են աշակերտներին:

Այնուհետեւ Աքչամը քննում է տակաւին ուրիշ դասագրքեր էլ, որոնք միշտ նոյն յանկերգն են կրկնում: Նա մեղադրում է դասագրքերի հեղինակներին, ովքեր շարժել են այն մտայնութեամբ, թէ՝ «Ի՞նչ ուզում ես, ասա, այս ժողովուրդը կուլ կը տայ, նետի՛ր՝ թող գնա»: Գրի՛ր ի՛նչ որ ուզում ես, բաւական է, որ հայերի դէմ լինի: Ըստ Աքչամի, այս դասագրքերի հեղինակներն եթէ վերի մտայնութեամբ շարժած չլինէին, գոնէ մէկ անգամ կը նայէին օսմանեան արխիւի կողմից Ադանայի սպանդի մասին հրատարակւած երկու հատորներին, որտեղ կը տեսնէին, որ բնաւ խօսք չկայ հայերի ապստամբութեան մասին:

Տակաւին բազմաթիւ մէջբերումներ անելուց յետոյ, որոնք ընդհանրապէս նոյն պատմութեան շուրջ են դառնում, Աքչամն այսպէս է վերջացնում իր երկրորդ յօդւածը. «Խոստովանեմ, որ ասելիք խօսք չեմ կարող գտնել: Հիմա յիշում եմ 1990-ական թւականները: Այդ օրերին այսպիսի խենթի ցափռտուքներ եւ պնդումներ նորաձեւութիւն էին: Գիւնդիւզ Աքթանը, Շիւքրիւ Էլեքդաղը եւ Եուսուֆ Հալաջօղլուն ու այսպիսի անձեր այս ստերը տարածում էին որպէս տեղեկութիւն: Ես էլ նրանց յանձնարարում էի կարդալ վարչապետարանի օսմանեան արխիւից հրատարակւած փաստաթղթերը: Այս փաստաթղթերում ո՛չ միայն պատմւած է, որ Էդիրնէի, Քիւթանիայի, Պոլուի, Քասթամոնուի նման Անատոլուի գրեթէ բոլոր քաղաքների հայերը աքսորւել են, այլ նաեւ բազմաթիւ կուսակալներ եւ նահանգապետներ իրենց հեռագրերում տեղեկացրել են, որ իրենց շրջաններում որեւէ հայ չի մնացել:

Երբ հասկացւեց, որ այս բոլորը սուտ էին, շատերն այլեւս վերջ տւեցին նմանօրինակ ցափռտուքների, բայց այնպէս է հասկացւում, որ նոր Թուրքիայի հիմնադիրները որոշել են դարձեալ կանգ առնել հին ստերի վրայ,- ասում է Աքչամը, որ աւելացնում է, թէ շարունակելու է մօտկից նայել դասագրքերին:

«Թարաֆ» թերթում հրատարակւած յօդւածաշարքի երրորդ ու վերջին մասը քննարկում էր տասներորդ դասարանների համար գրի առնւած պատմութեան գիրքը եւ նայում էր, թէ պատմութեան գիրքը ինչպէ՛ս էր խօսել 1915-ի մասին: Աքչամն այսպէս է գրում.-

Գրքում ներկայացւել է մի տեսութիւն, որի համար պէտք է խնդա՞ք, թէ՞ լացէք, չէք իմանում: Այնտեղ գրւել է, որ տեղահանութիւնը գործադրւել է հայերի անվտանգութիւնն ապահովելու նպատակով: Կատակ չէ: Սա պնդւում է որպէս լուրջ տեսութիւն, եւ թէ որի՛ դէմ ապահովւած է հայերի այս անվտանգութիւնը: Նոյնինքն՝ հայերի դէմ: Անհաւատալի՛ է, բայց մեր պետութիւնը հայերին հայերից պաշտպանելու համար նրանց տեղահանելու որոշում է ընդունել, գրում է Աքչամը:

Թաներ Աքչամը պարբերաբար հեգնական արտայայտութիւններ էլ դնելով իր խօսքի մէջ՝ ասում է, որ տեղահանութեան մասին ամէն բան կարող էր մտածել, բայց այսքանը չէր կարող մտածել: Նա ընթերցողին հրաւիրում է գլխարկ հանելու մի նոր Թուրքիա կերտել ուզողների այս խորունկ տեսլականի դիմաց:

«Գիտեմ, որ նեղութիւն եմ պատճառում, բայց չմոռանանք, որ որպէս տեղեկութիւն յառաջ քշւած այս խենթի ցափռտուքները նրանք կարդացնում են մեր երիտասարդներին»:

Աքչամը, տակաւին, որպէս ցափռտուք յիշեցնում է, որ գրքում շեշտւում է, որ. «Ներքին գործոց նախարարութիւնը հրատարակել է մ կանոնագրութիւն, որում ծրագրել է տեղահանութեան բոլոր մանրամասնութիւնները: Օրինակ՝ տարիքոտները, անկարները, կոյրերն ու որբերը տեղահանութեան չեն ենթարկւի, իսկ տեղահանւած հայերի պարագային, կառավարութիւնն ուշադրութեամբ նայել է, որ հայերը նոր բնակավայր ունենան այնպիսի տեղեր, որտեղ նրանք թէ՛ կարողանան գործել եւ աշխատել, թէ՛ կեանքի ապահովութիւն ունենան: Այս նպատակով պահականոցներ իսկ կառուցւել են:

Երբ այս բոլորը մարդ կարդում է, ո՛ւր որ է մտածում է, որ բախտաւոր են եղել տեղահանւած այդ հայերը, երանի թէ մենք էլ նրանց պէս աքսորւէինք թէ՛ մեր կեանքը ապահովութեան տակ կառնւէր եւ թէ՛ հակառակ ծանր պայմաններին՝ գոյատեւման կարելիութիւններ կունենայինք: Ուրիշ ի՞նչ էինք ուզելու»:

Թաներ Աքչամն այս հեգնական տողերից յետոյ յիշեցնում է, որ աքսորեալների եւ մեռեալների թիւն էլ շատ հետաքրքրական է եւ յաւելում է բերում Եուսուֆ Հալաջօղլուի այն պնդումի վրայ, թէ միայն 30 հազար հայեր էին մեռել: Դասագիրքը պատմում է, որ, ըստ անկողմնակալ հետազօտողների, պատերազմի եւ հիւանդութեան իբրեւ հետեւանք եւ այլ պատճառներով 300 հազար հայ իր կեանքը կորցրել է: Բայց այս ասելուց յետոյ պատմութեան գիրքն աւելացնում է, որ հայերի կողմից սպանւած թուրքերի թիւը շատ աւելի բարձր է եւ հասնում է մօտաւորապէս 500 հազարի, թուրքեր, որոնք սպաննւել են Էրզրումի, Երզնկայի (Կարին), Տրապիզոնի, Պիթլիսի եւ Վանի մէջ:

1915-ի մասին պնդումների ամենավերջինը կարծես մի կատակերգութեան վերջին վարագոյրն է: Այսպէս ասւում է. «Օսմանեան պետութիւնը եթէ հայերին բնաջնջելու նպատակ ունենար, տեղահանութեան ընթացքում եւ դրանից յետոյ ապահովութեան այսքան միջոց ձեռք կառնէ՞ր. մնաց որ, որտե՞ղ են հաւաքական գերեզմանները բոլոր նրանց, որոնց համար շեշտւում է, թէ սպանւեցին»:

Թաներ Աքչամն այստեղ յիշեցնում է, որ Մարտինի քարայրներից մէկում գտնւած հաւաքական մի գերեզմանատան ոսկորները մեծ ճարպիկութեամբ անհետացան Եուսուֆ Հալաջօղլուի ձեռքով: Բայց, աւելցնում է նա, այս նիւթի շուրջ լաւագոյն միջոցն է կառավարութիւնից արտօնութիւն ուզել հաւաքական գերեզման գտնելու պեղումներ անելու համար:

Գրքի ցափռտուքներն այստեղ էլ չեն վերջացել: Գրքում շեշտւել է, որ աքսորւած հայերը վերադարձան, վերատիրացան իրենց ապրանքներին եւ կալւածներին: Գրքում մասնաւոր տեղ է տրւել նաեւ թուրք դիւանագէտների դէմ հայ ահաբեկչական կազմակերպութիւնների կողմից կատարւած յարձակումներին:

Ըստ պատմութեան դասագրքի, թէ՛ ահաբեկչական կազմակերպութիւնների եւ թէ՛ սփիւռքահայութեան հակաթուրք արարքները կատարւում են Չորս «Թ» կոչւած մի յայտագրի համաձայն: Այս չորս «Թ»-երն են, թրքերէնով, «Թանըթըմ» (ծանօթացում), «Թանընմա» (ճանաչում գտնել), «Թազմինաթ» (հատուցում) եւ «Թոփրաք» (հող): Ուստի դասագիրքը աշակերտներին հրաւիրում է հայերի այս ճիգերի դէմ պայքար մղելու: Պետութիւնն էլ արդէն միջոցներ է ձեռք առել: Հայկական պնդումների դէմ 2001 թւականին հիմնւեց «Հայոց ցեղասպանութեան անհիմն պնդումների դէմ պայքարի համակարգիչ խորհուրդ»-ը: Այս խորհուրդն սկսեց գիտական աշխատանք տանել հայկական պնդումները ջրելու նպատակով:

Թաներ Աքչամը գանգատւում է, որ այն երիտասարդ ուղեղները, որոնք վաղը այս երկրի ապագան են ձեռք առնելու, դէմ յանդիման են ձգւում այնպիսի պատկերի հետ, որի մէջ հայը ծանօթացւում է որպէս պառակտիչ, թշնամու հետ գործակցող ժողովուրդ:

Յօդուածի վերջաւորութեանը Աքչամը դարձեալ եզրակացնում է.

«Իսկ Թուրքիայի հայե՞րը: Ես միայն մէկ հարցում ունեմ նրանց ուղղւած: Ինչպէ՞ս էք ապրում այս երկրում: Իրա՛ւ, ինչպէ՞ս էք յաջողւում անել այս բանը»:

«Ատելութեան յանցագործութիւն է կատարւում»

Աքչամը երեք յօդւածներով աւարտել էր իր նիւթը, բայց աւարտելուց յետոյ չորրորդ մի յօդւած էլ գրելու պահանջ է զգացել: Այս անգամ նա մասնաւորաբար կանգ է առել տասներորդ դասարանի «Միջնակարգի պատմութիւն» դասագրքում հրատարակւած մի բաժնի վրայ, որի համար ասում էր, որ սա ուղղակի եւ գիտակցաբար կատարւած ատելութեան յանցագործութիւն է: Արդարեւ, դասագիրքն ուսուցանում է, որ հայերը սպանդներ էին գործում թրքական գիւղերի վրայ յարձակւելով եւ հետզհետէ զօրացրեցին իրենց ապստամբութիւնը: Նրանք հնազանդւում էին (իբր թէ) հայերի պաշտօնական ամսագիրը հանդիսացող «Արարատ» պարբերաթերթում հրատարակւած մի յայտարարագրի, որը բաղկանում էր 15 յօդւածներից: Իւրաքանչիւր յօդւած թուրքերի դէմ գործելու հրահանգ էր: Այսպէս՝

 

Յօդուած 1) Ո՛վ ուզում է թող լինի, բոլոր հայերն իրենց ինչքերը ծախելով՝ պէտք է զինւեն:

Յօդւած 2) Զօրակոչի կանչւող հայերը պէտք է մերժեն զինւորագրւել, իրենց շուրջիններին էլ, նոյնիսկ մահմետականներին չպէտք է արտօնեն, որ զինւորագրւեն:

Յօդւած 3) Արդէն զինւորագրւած հայերն ամէն գնով պէտք է խոյս տան բանակից եւ միանան հայկական հրոսախմբերին եւ կամաւորների բանակին:

Յօդւած 6) Ռազմաճակատից հեռու տեղեր՝ մինչեւ երկու տարեկան բոլոր մահմետականները, որտե՛ղ որ տեսնւեն, պէտք է սպանւեն:

Յօդւած 7) Մահմետականների բոլոր ինչքերն ու կալւածները պէտք է ձեռք անցւեն, հրկիզւեն, ոչնչացւեն:

Յօդւած 8) Հայերը պէտք է կրակի տան իրենց եկեղեցիները եւ այս գործի յանցանքը վերագրեն մահմետականների:

Յօդւած 9) Պէտք է հրկիզւին պետական գրասենեակները:

Յօդւած 15) Հայերը պէտք է լրտեսութիւն անեն ի նպաստ դաշնակիցների:

Դասագիրքն ուրեմն գրում է, որ հայերն անմիջապէս գործադրութեան դրեցին այս ծրագիրը եւ Ա Աշխարհամարտի օրերին մեծ վնաս հասցրեցին թուրք ժողովրդին:

Թաներ Աքչամը նոյնիսկ անիմաստ է գտնում հարցնելը, թէ իսկապէս «Արարատ» անուն մի պարբերաթերթի մէջ այդպիսի մի ծրագիր հրատարակւե՞լ է, թէ ոչ: Դասագրքի հեղինակներն իսկ անշուշտ իմանում են, որ այդպիսի բան չկայ, ասում է Աքչամը: Եղածը յատուկ նպատակով կատարւած ատելութեան յանցագործութիւն է: «Երեւակայեցէք, որ թուրք մի ուսանող հայերի նկատմամբ ի՛նչ է զգալու, երբ իր դասագրքում կարդայ այս տողերը: Այս դասագրքերը կարդացւում են հայկական դպրոցներում էլ, երեւակայեցէք նաեւ, թէ մի հայ աշակերտ մանկան հոգեբանութիւնն ինչպէ՛ս է խանգարւելու, երբ իրեն պարտադրւի սովորել այս բաները:

Աքչամն իր յօդւածում բոլոր գիտակից մարդկանց հրաւիրու է այս դասագրքերի դէմ ելնելու եւ ձայն բարձրացնելու, որպէսզի նմանօրինակ դասագրքերը շուտով ետ հաւաքւեն դպրոցներից, եւ իշխանութիւնները հայերից ներողութիւն խնդրեն այնտեղ գրւածների համար: