Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Բրիտանիայի Արտաքին գործոց նախարարութիւնը հրապարակել է 50-ից աւելի գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանութեանը եւ այդ հարցում Բրիտանիայի կառավարութեան քաղաքականութեանը: «Արմէնփրես»-ը հաղորդում է, որ փաստաթղթերը կարելի է տեսնել Բրիտանիայի կառավարութեան պաշտօնական կայքի «Հրապարակումներ» բաժինի վրայ:

Փաստաթղթերը պարունակում են Արտաքին գործոց նախարարութեան տարբեր բաժանմունքների կողմից գրւած նամակներ` Բրիտանիայի նախարարներին եւ երեսփոխաններին: Փաստաթոթերից մէկի մէջ, որ թւագրւել է 17 յունիս 2010 եւ հասցէագրւել այդ ժամանակ Եւրոպայի հարցերով նախարար Ջասթին Մք-Քենզի Սմիթին, նշւում է. «Հայկական սփիւռքը լոբիիստական հզօր աշխատանքներ է կատարում համոզելու աշխարհի կառավարութիւններին 1915-1917 թւականներին Օսմանեան կայսրութեան մէջ տեղի ունեցած իրադարձութիւնների համար օգտագործելու «Ցեղասպանութիւն» եզրը: Արտաքին գործոց նախարարութիւնը պարբերաբար խորհրդարանականներից եւ հասարակութիւնից ստանում է նամակներ, որոնց մէջ կոչ է ուղղւում այդ իրադարձութիւններն իբրեւ ցեղասպանութիւն ճանաչել»:

Նշւում է նաեւ, որ խնդրի վերաբերեալ դիմումներ են սկսել ստանալ նաեւ կառավարութեան միւս վարչութիւնները եւ վարչակազմի աշխատակիցները, թէեւ դա Արտաքին գործոց նախարարութեան լիազօրութիւններին ենթակայ խնդիր է:

Նախարարին առաջարկւում է խնդրին անդրադառնալու ընթացքում ընտրել Բրիտանիայի Արտաքին գործոց նախարարութեան նախընտրելի քաղաքականութիւնը` հայերի կոտորածները չճանաչել իբրեւ ցեղասպանութիւն: Նշւում է, որ այս տարբերակը յարաբերաբար նւազ վտանգներ է պարունակում. Հայաստանի հանրապետութիւնը շարունակաբար Հայոց ցեղասպանութիւնը չճանաչելուց եզրակացնելու է, որ Բրիտանիան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւններին աւելի նախապատւութիւն է տալիս, քան Հայաստանի հետ յարաբերութիւններին: «Սակայն սա տեսակէտ է, որ նրանք արդէն իսկ ունեն»,- կը նշւում է փաստաթղթի մէջ, «իսկ հայկական Սփիւռքը Բրիտանիայում թէեւ բաւական աշխուժ է այս հարցի մէջ, սակայն քանակապէս փոքր է (20 հազարից պակաս):

«Հայերի կոտորածի ճանաչումը՝ իբրեւ ցեղասպանութիւն, կարող է աւելացնել Բրիտանիայի վրայ ճնշումները լոբիիստական այլ խմբերի կողմից` այլ «ցեղասպանութիւններ» ճանաչելու համար»,- ասւում է փաստաթղթի մէջ:

Միաժամանակ նշւում է, որ Բրիտանիան շարունակ դատապարտել է անցեալ դարասկզբն հայերի կոտորածները եւ տեղահանութիւնները Օսմանեան կայսրութեան մէջ: Բրիտանական կառավարութիւնը ժամանակին այդ կոտորածները նկարագրել էր իբրեւ «յանցագործութիւն ընդդէմ մարդկութեան»: