Աղբիւր՝ www.aztagdaily.com
Գերմանիայում բնակւող թուրքերը պատրաստւում են բողոքի ցոյց կատարել դպրոցական դասագրքերում տեղ գտած Հայոց ցեղասպանութեան մասին պնդումների դէմ:
Թրքական «Տողան» լրատու գործակալութիւնը հաղորդում է, որ դասագրքերում տեղ գտած` «1915-ին թուրքերը հայերի դէմ ցեղասպանութիւն են գործադրել» ձեւակերպումը զայրացրել է նրանց: Բողոքի ցոյցը տեղի է ունենալու 19 հոկտեմբերին:
Ցոյցի մասին տեղեկացնելու եւ կարելի եղածին չափ շատ թուրքերի մասնակցութիւնն ապահովելու համար կազմակերպիչներն այցելում են այն սրահները, որտեղ հաւաքւում են թուրքերը, եւ բացատրում են բողոքի կարեւորութիւնը:
«Յառաջիկայ 2015-ը հայկական դէպքերի 100- ամեակն է: Այդ առնչութեամբ ցեղասպանութեան համար Թուրքիան մեղադրելու ջանքերն աշխուժանալու են: Սակայն Թուրքիան ցեղասպանութիւն չի կատարել, եւ մեր ձեռքում դա ապացուցող փաստաթղթեր կան»,- թուրքերին ուղղւած իր կոչի մէջ ասել է ցոյցի կազմակերպիչ դոկտ. Ալի Սէօյլեմեզօղլուն:
19 հոկտեմբերի հանրահաւաքի մասնակիցները հաւաքւելու են Դիւսելդորֆի խորհրդարանի մօտ գտնւող պատկերասփիւռի աշտարակի մօտ: Նրանք պաստառներ են բարձրացնելու եւ փորձելու են իրենց ձայնը լսելի դարձնել: