Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Հայաստան-Սփիւռք Ե համաժողովի բացման նիստին, իր հայրապետական պատգամն ուղղելով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ ասաց. «Չենք կարող անտարբեր մնալ մեր ազգի բռնաբարւած իրաւունքների նկատմամբ. անտարբերութիւնը ազգային դաւաճանութիւն է։ Հետեւաբար, կոչւած ենք 100-ամեակը բարձրագոյն աստիճանի պատասխանատւութեամբ նշելու եւ այն արժեւորելու այնպիսի իրագործումներով, որոնք մնայուն հետք կը թողնեն եւ նոր հունաւորում կը տան Հայ դատի հետապնդման աշխատանքներին»:

Անդրադառնալուց յետոյ Հայոց ցեղասպանութեան ճանաչման գծով անցնող տասնամեակներին տարւած մեծապէս գնահատելի աշխատանքին, Նորին Սրբութիւնը կարեւորութեամբ շեշտեց, որ «Ժամանակը հասել է, որ Հայ դատի աշխատանքները Հայոց ցեղասպանութեան ճանաչումից այն կողմ՝ իրաւական դաշտ փոխադրենք»։

Ապա, Վեհափառ Հայրապետը մեր ազգը ներկայացնող համաժողովի առջեւ, առաջին անգամը լինելով յայտարարեց. «ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆԸ ՄՕՏ ԹՒԱԿԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄՕՏ ԴԱՏ Է ԲԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ՝ ՍԻՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՐ ԻՐԱՒԱՏԻՐՈՋ՝ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԵՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ»: Արամ Ա Կաթողիկոսը յայտնեց, որ անցնող երկու տարիների ընթացքում իր անմիջական հսկողութեամբ, այս գծով հետեւողական աշխատանք է տարւել միջազգային օրէնքի մասնագէտների հետ: Ապա, Նորին Սրբութիւնը աւելացրեց. «ԱՅՆ ՊԱՐԱԳԱՅԻՆ, ԵՐԲ ՄԵՐ ԴԱՏԸ ՄԵՐԺՒԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ, ԱՅՆ ԱՆՄԻՋԱՊԷՍ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ԵՒՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ»:

Վեհափառ Հայրապետը յիշեցնելուց յետոյ, որ յիշեալ դատը անխուսափելի կերպով դուռ է բանալու մեր եկեղեցապատկան, ազգապատկան եւ սեփական կալւածների վերադարձի թղթածրարին, հաստատեց. «Եթէ դատը շահենք, պատիւն ու յաղթանակը կերթայ մեր ժողովրդին, մեր հայրենիքին ու եկեղեցուն։ Իսկ եթէ դատը կորցնենք, դա՛րձեալ յաղթած կը լինենք, որովհետեւ ցեղասպանին ու միջազգային համայնքին գործնապէս յիշեցրած կը լինենք, որ հայ ժողովուրդը մնում է իր իրաւունքների պահանջատէրը, որքան էլ տարիների թիւը մեզ հեռացնէ Հայոց ցեղասպանութեան թւականից»։ Վերջապէս, Նորին Սրբութիւնը յիշեցրեց. «Նիւթական կարեւոր ներդրում է ենթադրէ այս դատը։ Բոլոր պարագաներին, մենք վստահում ենք մեր ժողովրդին, որովհետեւ եկեղեցին ժողովուրդն է եւ եկեղեցական որեւէ կենտրոն մեր ժողովրդի սեփականութիւնն է»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի յայտարարութիւնը մեծ խանդավառութեամբ ընկալւեց համաժողովի կողմից: