Աղբիւր՝ www.asbarez.com

 

Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկը տեղեկացնում է, որ 2015-ի յուլիսի 8-12-ին հիւրընկալելու է ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութեան (Ց.Մ.Ը.) 12-րդ համաժողովը, որի խորագիրն է՝ «20-րդ դարի ցեղասպանութիւնների համեմատական վերլուծութիւն»:

Երեւանում կայանալիք այս հեղինակաւոր համաժողովն աննախադէպ է լինելու թէ՛ մասնակիցների թւի, թէ՛ ակադեմական բարձր վարկի եւ ի հարկէ Մեծ եղեռնի հարիւրերորդ տարելիցի տեսանկիւնից:

Համաժողովին իրենց մասնակցութիւնն են բերելու ցեղասպանագիտութեան եւ յարակից ոլորտների հարիւրաւոր մասնագէտներ՝ աշխարհի տարբեր երկրներից. այն նւիրւելու է Հայոց ցեղասպանութեան 100-րդ, ինչպէս նաեւ Բ Համաշխարհային պատերազմի եւ Հրեաների ողջակիզման 70-րդ ամեակներին:

«Այս համաժողովի անցկացումը բացառիկ իրադարձութիւն է լինելու հայագիտութեան եւ ի մասնաւորի՝ Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեան ոլորտում: Հայաստան են ժամանելու հարիւրաւոր հեղինակաւոր գիտնականներ եւ երիտասարդ մասնագէտներ, որոնց մասնակցութիւնը ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութեան տասներկրորդ համաժողովին լաւ առիթ է հանդիսանալու Հայոց ցեղասպանութեան եւ դրա հետեւանքների մասին աւելի խորքային պատկերացումներ ունենալու եւ, ինչու չէ՝ Հայաստանին եւ մեր մշակոյթին մօտիկից ծանօթանալու համար»,- նշել է համաժողովի կազմակերպիչ յանձնախմբի տեղական յանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյեանը:

1997-ին, Ցեղասպանագէտներու միջազգային ընկերակցութիւնը ճանաչել էր Հայոց ցեղասպանութիւնը, իսկ 2010-ին ստացել Հ.Հ.-ի նախագահի՝ Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործում նշանակալի աւանդի համար շնորհւող մրցանակը:

Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութիւնը (International Association of Genocide Scholars) ցեղասպանութիւնները եւ մարդկութեան դէմ կատարւած յանցագործութիւնները ուսումնասիրող գիտնականների առաջատար եւ մեծագոյն միաւորումն է: Այն հիմնւել է 1994-ին, յայտնի ցեղասպանագէտներ Իսրայէլ Չառնիի (Israel Charny), Հելէն Ֆայնի (Helen Fein), Ռաբերթ Մելսոնի (Robert Melson) ու Ռաջր Սմիթի (Roger Smith) կողմից եւ այսօր համախմբում է աւելի քան 500 գիտնական՝ տարբեր երկրներից: Ընկերակցութեան նպատակն է հետազօտել եւ ուսուցանել աշխարհի տարածքում տեղի ունեցած ցեղասպանութիւնների պատճառները՝ կանխարգելելու համար ցեղասպանութիւնների կրկնութիւնը: Հայոց ցեղասպանութիւնը միշտ եղել է ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութեան անդամների ուսումնասիրութիւնների ուշադրութեան առարկան: