Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Երեւանից Իրանի ռադիօ-հեռուստատեսութեան թղթակցի հաղորդման համաձայն, Երեւանում առաջին անգամ անցկացւող «Ֆրեսկօ» հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատօնին ներկայացւել են 60 ֆիլմեր, 20 երկրներից, այդ թւում Իրանի իսլամական հանրապետութիւնից:
Փառատօնի հոգեւոր պատասխանատու՝ արժն. Տ. Եսայի քհնյ. Արթենեանը յայտնել է, որ այս փառատօնին մասնակցել են ֆիլմեր, որոնք տարածում են Աստծու նկատմամբ հաւատք, խաղաղատենչութիւն, համբերատարութիւն եւ սէր մարդկանց նկատմամբ եւ քանի որ Իրանի իսլամական հանրապետութիւնը ազգերի միջեւ խաղաղութեան ու բարեկամութեան ջատագով է, ուստի բնական է այս փառատօնում իրանական ֆիլմերի ներկայութիւնը:
«Ֆրեսկօ» կինօփառատօնի կազմակերպիչների յայտարարութեան համաձայն, փառատօնին մասնակցել են բարոյական ֆիլմեր, որոնք ժխտում են պատերազմը, բռնութիւնը, միջավայրի ոչնչացումը եւ ագրեսիան:
Տաս օր շարունակւող փառատօնի ընթացքում լինելու են բացօթեայ դիտումներ: Փառատօնին մասնակցած իրանական ֆիլմերն են՝ մրցութային բաժնում Ջալալ Սաեդ Փանահի «Սեւ ու Սպիտակ»-ը եւ Թիամ Եաբանդէի «Տպաւորութիւնը», իսկ արտամրցութային բաժնում Նաւիդ Նիքխահի «Մայրաբար» եւ Մեհդի Եար Ահմադիի «Ուխտագնացը»:
«Ֆրեսկօ» կինօփառատօնին մասնացել են Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ա.Մ.Ն.-ի, Ուկրաինայի, Գերմանիայի, Իտալիայի, Իրանի եւ մի շարք այլ երկրների ֆիլմարտադրողներ: