Աղբիւր՝ www.yerkir.am

 

Լրագրողների հետ զրոյցում Բաքու մեկնած հայ պատգամաւորներ Կորիւն Նահապետեանը, Թեւան Պողոսեանը եւ քաղաքագէտ Ռիչարդ Կիրակոսեանը նշեցին, որ Ն.Ա.Տ.Օ.-ի շրջանակներում անցկացւած սեմինարը արդիւնաւէտ է անցել, որովհետեւ քննարկւել են տարածաշրջանային անվտանգութեան կարեւոր հարցեր, իսկ հայկական պատւիրակութիւնը արդիւնաւէտ թիմային աշխատանքներով կարողացել է ներկայացնել ազգային շահը:

Թեւան Պողոսեանը կարծիք յայտնեց, որ ադրբեջանական մամուլը ապատեղեկատւութեամբ էր զբաղւած: Նրա խօսքով` թէեւ այս անգամ մի փոքր ազատութիւն էին տւել հայ պատգամաւորներին, բայց նկատելի էր, որ երբ պատգամաւորները որեւէ տեղ են գնացել, այնտեղ մարդ չի եղել` լինի սրճարան, փողոց, թէ ծովափ:

«Պէտք չէ հաւատալ ադրբեջանական կայքին, մինչեւ տեղեկութիւնը չճշտէք հայկական կողմից, որովհետեւ դա կարող է լինել տեղեկատւական թակարդ, որտեղ ադրբեջանցիները կարող են յաղթանակ տանել»,- ասաց Թեւան Պողոսեանը:

Ռիչարդ Կիրակոսեանն ուրախությամբ նշեց, որ հայ պատգամաւորները ամենապատրաստւած, ակտիւ ու խելացի պատգամաւորներն էին այդ սեմինարի մասնակիցների մէջ: «Դժբախտաբար, մթնոլորտը ոչ թէ վտանգաւոր, այլ ագրեսիւ էր, որովհետեւ ադրբեջանցիներմ ուզում էին կռիւ տալ, այլ ոչ լսել»,- ասաց քաղաքագէտը:

Իսկ Կորիւն Նահապետեանը նշեց, որ իրենք շեշտադրել են այն, որ Լ.Ղ.-ն երբէք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, Խ.Ս.Հ.Մ.-ի փլուզումից յետոյ Լ.Ղ.-ի ժողովուրդն ինքնորոշւել է` Լ.Ղ.-ն հռչակելով անկախ պետութիւն: Ադրբեջանցիների շեշտադրումներն էին, որ Ադրբեջանի տարածքները օկուպացւած են, որ Հայաստանը ագրեսոր է եւ այլն:

«Սեւ քարոզչութիւնը եւ հայատեացութիւնը կազմում են ադրբեջանական պաշտօնական քաղաքականութեան մի մասը: Նրանք պատրաստակամութիւն չունեն կառուցողական քննարկման, իսկ մեր մասնակցութեան կոչը դա էր, եւ նաեւ մենք խնդիր ունէինք յստակ ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը»,- ասաց Կորիւն Նահապետեանը: