Աղբիւր՝ www.yerkir.am
Օհայօ նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ Ջէյ Թոդ Սմիթը մտադիր է նահանգի օրէնսդիր ժողովում ներկայացնել Արցախի ինքնորոշումը ճանաչող, ինչպէս նաեւ Արցախի դէմ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձեւ: Ինչպէս տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի յանձնախմբի տարածած հաղորդագրութիւնը, այս բանաձեւի վերաբերեալ Օհայօ նահանգի Օրէնսդիր ժողովի քւէարկութիւնը կարող է կայանալ արդէն նոյեմբերի 14-ին:
Բանաձեւն ընդգծելու է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի կառաւարութիւնների հետ ԱՄՆ վարչակազմի աշխատանքի անհրաժեշտութիւնը ՝ հակամարտութեան կայուն եւ խաղաղ կարգաւորմանը հասնելու համար:
«Օհայօում բնակւող եւ աշխատող հայազգի ամերիկացու համար պատիւ էր նահանգի ներկայացուցիչ Ջէյ Թոդ Սմիթի հետ աշխատել այդ օրէնսդրութեան վրայ։ Դա իսկապէս ոգեւորիչ է իմանալ, որ մեր համայնքն ունի Օհայօ նահանգի ներկայացուցիչներ, որոնք ոչ միայն պաշտպանում են մեր շահերը այստեղ` Օհայօում, այլեւ հասկանում են այն արժէքը` ազատութիւնը եւ ժողովրդավարութիւնը, որը կարեւոր դեր է խաղում ամբողջ աշխարհում», – ասել է Օհայօ նահանգի հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչ Դաւիթ Գրիգորեանը:
Բանաձեւի ընդունումից յետոյ Օհայօ նահանգի օրէնսդիր մարմինը կմիանայ ԱՄՆ ինը նահանգներին եւ անհամար քաղաքներին ու շրջաններին ՝ Արցախի Հանրապետութեան ինքնորոշման եւ անկախութեան ճանաչման հարցում: