Աղբիւր՝ www.alikonline.ir

 

«alikonline.ir»- Երբ լեռներին ստւերում են հրանոթի պայթիւնները եւ առաջնագծում մարտեր են մղւում, թիկունքում մեղւային աշխատանք է տանում մի ամբողջ ազգ:

Արցախում, Հայաստանում, Սփիւռքում ապրող տարեցը, երիտասարդն ու պատանին, բոլորը գործի են անցել:

Մինչ առաջնագիծ մեկնելու կամաւորական էշելոների հոսքը չի դադարում, առաջնագծից հազարաւոր կիլոմետրներ այն կողմ ամբողջ հայ ազգն է մոբիլիզացւել: Սփիւռքահայերը, այդ թւում նաեւ իրանահայութիւնը, աշխարհի տարբեր ծայրամասերից տալիս է իրավիճակին իր գնահատականը եւ տարբեր հասարակութիւններին ներկայացնում է իր յստակ օրակարգը:

Քաջ գիտակցելով, որ ՀՀ ԶՈՒ-ն եւ ԱՀ ՊԲ-ն հայրենիքի պաշտպանութեան համար իրենցից կախւած ամէն ինչ անում են, եւ, որ հայ զինւորը, դիրքերում ամուր կանգնած է, հայ-ադրբեջանական էսկալացիայի առաջին ժամերից սկսած սփիւռքահայերի կամաւորական աշխատանքներն այդ թւում՝ իրազեկման, քարոզչութեան եւ տեղեկատւութեան տարածման մեքենան շուրջօրեայ հետեւում է իրադարձութիւնների զարգացումներին, այդ թւում՝ թշնամու կողմից մարդու իրաւունքների դէմ իրականացւող կոպտագոյն խախտման դէպքերին՝ ձեռնարկելով համապատասխան գործողութիւններ:

Սփիւռքահայութիւնը, այդ թւում նաեւ իրանահայ երիտասարդները, արդէն հասցրել են հարիւրաւոր նամակներ յղել իրանցի հասարակական-մշակութային գործիչներին, բլոգերներին, սելեբրիտիներին, գործարարներին՝ կոչ անելով առանց աչք փակելու, յստակ արձագանքել ադրբեջանական ագրեսիան եւ հակազդել Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականցւող պատերազմական յանցագործութիւններին:

Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծ ագրեսիային գնահատականներ տալու իրանահայ երիտասարդութեան ներկայացրած կոնկրետ պահանջին արձագանքել են տասնեակ իրանցի բլոգեր եւ ինֆլուենսեր:

Եւ այսպէս, իւրաքանչիւր բնագաւառում, ով ինչ կարող է ներդնում է։ Բառացիօրէն՝ ինչ որ կարող է։ Ոչ ոք չի յապաղում:

#յաղթելուենք