Աղբիւր՝ www.yerkir.am

 

Յունիսի 15-ին Հայաստանում նշւում է Պետական դրօշի օրը: «Հայաստանի Հանրապետութեան պետական դրօշի մասին» օրէնքն ընդունել է Գերագոյն Խորհուրդը 1990թ.-ի օգոստոսի 24-ին, իսկ 2006թ.-ի յունիսի 15-ին ընդունւել է «ՀՀ դրօշի մասին» նոր օրէնքը:

Նշենք` ՀՀ դրօշը երկրի պետական խորհրդանիշներից է. այն եռագոյն է` վերեւից ներքեւ կարմիր, կապոյտ, ծիրանագոյն հորիզոնական հաւասար շերտերով: Կարմիր գոյնը խորհրդանշում է Հայկական բարձրաւանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը յարատեւման, քրիստոնէական հաւատքի, Հայաստանի անկախութեան եւ ազատութեան համար:

Կապոյտ գոյնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքոյ: Նարնջագոյնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրութիւնը: Դրօշի լայնութեան եւ երկարութեան չափերի յարաբերութիւնն է 1:2-ի:

ՀՀ դրօշի սկզբնական տարբերակում ծիրանագոյնի փոխարէն դեղին գոյնն է եղել, սակայն դրօշը ներկայացնելուց յետոյ դեղին գոյնը փոխւել է ծիրանագոյնի, քանի որ կարմիր, կապոյտ եւ ծիրանագոյն գոյների համադրութիւնը համարւել է առաւել յաջող: