Աղբիւր՝ www.armenianchurch.org
Ապրիլի 14-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանի հանրապետության նորանշանակ վարչապետ Յովիկ Աբրահամեանին:
Հանդիպմանը Նորին Սրբութիւնն իր օրհնութիւնն ու շնորհաւորանքները բերեց տիար Յ. Աբրահամեանին Հ.Հ. վարչապետի պատասխանատու պաշտօնն ստանձնելու կապակցութեամբ` արդիւնաշատ իրագործումներ մաղթելով նրան Հայրենիքի բարօր կեանքի կերտման առաքելութեան մէջ:
Ամենայն Հայոց Հայրապետն իր խօսքում անդրադարձաւ երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած բազում դժւարութիւններին` յոյս յայտնելով, որ նորոնշանակ վարչապետը տարիների իր փորձառութեամբ եւ վաստակով դրական տեղաշարժեր եւ փոփոխութիւններ կարձանագրի հայոց կեանքում:
Զրոյցի ընթացքում Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ անդրադարձաւ նաեւ Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւններին եւ առկայ ազգօգուտ համագործակցութեանը Հայ եկեղեցու եւ հայրենի պետութեան տարբեր կառոյցների միջեւ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ Մայր աթոռ Ս. Էջմիածինը, հաւատարիմ իր ազգային առաքելութեանը, պիտի շարունակի իր զօրակցութիւնը բերել հայրենի իշխանութիւններին իրենց հայրենանւէր ձեռնարկումներում եւ անկախ պետականութեան զօրացման գործում:
Իր հերթին Հ.Հ. վարչապետ Յովիկ Աբրահամեանը հաստատեց, որ յանձնառու է եւ վճռակամ` առկայ խնդիրների յաղթահարման ուղղութեամբ անհրաժեշտ քայլերը կատարելու եւ արդարացնելու ժողովրդի սպասումները: Հ.Հ. վարչապետը նաեւ հաւաստիացրեց, որ ինչպէս միշտ շարունակելու է ջանքեր գործադրել Հայ եկեղեցու եւ Հ.Հ. կառավարութեան միջեւ կապերի առաւել ջերմացման ու ամրապնդման համար:
Հանդիպմանը ներկայ էր Մայր աթոռի դիւանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը: