Աղբիւր՝ www.armenianchurch.org

 

Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը հեռախօսազրոյց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսի հետ` Քեսաբի եւ շրջակայ բնակավայրերի բռնազաւթման առնչութեամբ, որի հետեւանքով տարհանւել է քաղաքացիական բնակչութիւնը, մեծաւ մասամբ հայ ընտանիքներ, աւերւել եւ հրկիզւել են տներ, պղծւել սրբավայրեր: Ամենայն հայոց կաթողիկոսն իր խորը մտահոգութիւնն է արտայայտել կատարւածի առնչութեամբ եւ դատապարտել Քեսաբի խաղաղ բնակչութեան նկատմամբ ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողութիւնները, որոնք աջակցութիւն են ստացել Թուրքիայի կողմից: Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր զօրակցութիւնն է յայտնել Արամ Ա Կաթողիկոսին:

Քեսաբում ստեղծւած կացութեան վերաբերեալ Նորին Սրբութիւնը հեռախօսազրոյց է ունեցել նաեւ Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդեանի հետ:

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր աթոռում հրաւիրւած խորհրդակցութեան ընթացքում հաստատել է, որ սուրբ Էջմիածինը աշխարհասփիւռ իր թեմական կառոյցներով շարունակելու է իր աջակցութիւնը սիրիահայութեանը` աղօթելով, որ խաղաղութիւնը վերահաստատւի Սիրիայի աստւածասէր ժողովրդի կեանքում, եւ տեղահանւած ու գաղթական ընտանիքները վերադառնան իրենց հայրենի օջախները: