Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հայաստանի և Արցախի ԱԺ միջև համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի յատուկ նիստում յայտարարութիւն է ընդունւել.
«1990թ. յունւարի 13-19 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում պետական իշխանութիւնների իմացութեամբ եւ թողտւութեամբ իրագործւել է հայ բնակչութեան համակարգւած եւ զանգւածային կոտորած: Էթնիկ հողի վրայ իրականացւած բռնութիւններին զոհ են դարձել հարիւրաւոր հայեր: Թալանի եւ բռնագրաւման է ենթարկւել հայերի ունեցւածքը: Ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքոյ Բաքւի աւելի քան քառորդ միլիոն տեղահանւած հայութիւնը, որպէս փախստական, բնակութիւն է հաստատել աշխարհի տարբեր երկրներում: Հայերի զանգւածային կոտորածը Բաքւում, արդիւնք է դեռեւս 20-րդ դարասկզբին կովկասեան թաթարական ծայրայեղական ուժերի, եւ հետագայում Ադրբեջանի իշխանութիւնների կողմից սանձազերծւած, եւ ցայսօր շարունակւող հայերի նկատմամբ ռասայական խտրականութեան լայնածաւալ քաղաքականութեան, որը յանգեցրել է Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ գտնւող տարածքներում հայ ազգաբնակչութեան կտրուկ նւազմանը, իսկ 1980-ական թւականների աւարտին նոր թափ առնելով, կենսական վտանգի արդիւնքում Բաքւի եւ Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերի հայ բնակչութեան վերացմանը:
Արձանագրելով, որ հակառակ միջազգային հանրութեան եւ իրաւապաշտպան կազմակերպութիւնների կողմից արձանագրւած փաստերի, Ադրբեջանի իշխանութիւնները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործունէութիւնները, նենգափոխում իրողութիւնները եւ խուսափում պատասխանատւութիւնից:
Ընդգծելով, որ Ադրբեջանում մինչ օրս շարունակւող պաշտօնական հայատեաց քաղաքականութիւնը եւ դրա համատեքստում իրականացւած այս եւ այլ յանցագործութիւնները, Սումգայիթի եւ Կիրովաբադի ջարդեր, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ յայտնւած Մարաղայ գիւղի հայ բնակչութեան կոտորած, 2016 թւականի ապրիլեան ագրեսիայի ժամանակ ադրբեջանական Զինւած ուժերի կողմից իրականացւած ռազմական գործողութիւններ Արցախի քաղաքացիական բնակչութեան եւ գերեւարւած զինծառայողների նկատմամբ, հայկական մշակութային ժառանգութեան հետեւողական վերացումը, ինչպէս նաեւ Արցախի՝ ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի ներքոյ գտնւող տարածքների հայաթափումը վկայում են, որ Ադրբեջանի իշխանութիւնների մօտ առկա է իրենց վերահսկողութեան տակ գտնւող տարածքներում հայերին եւ նրանց գոյութեան բոլոր հետքերը բնաջնջելու մտադրութիւն:
Հիմք ընդունելով «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնւենցիայում, «Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրում», «Ռասայական խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնւենցիայում, «Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին» միջազգային դաշնագրում, եւ մարդու իրաւունքների ու հիմնարար ազատութիւնների պաշտպանութեանը վերաբերող միջազգային այլ փաստաթղթերում ամրագրւած սկզբունքները, որոնք նաեւ ամրագրւած են բոլոր ժողովրդավարական պետութիւնների ներպետական օրէնսդրութիւններում, Հայաստան-Արցախ միջխորհրդարանական յանձնաժողովը սոյն թւականի յունւարի 18-ի համատեղ նիստի արդիւնքներով ոգեկոչում է 30 տարի առաջ Բաքւում զոհւած մեր հայրենակիցների յիշատակը, եւ բարձրաձայնում հայ բնակչության կորուստների արդարացի հատուցման իրաւաչափութիւնը եւ արդիականութիւնը: Դատապարտում է ադրբեջանական հանրապետութիւնում շարունակւող պետական հայատեաց քաղաքականութիւնը: Անընդունելի է համարում այլատեացութեան, ծայրայեղականութեան եւ ահաբեկչութեան ցանկացած դրսեւորում:
Վերահաստատում է, որ մարդկութեան դէմ յանցագործութիւնները չունեն վաղեմութեան ժամկէտ, եւ ընդգծում է, որ անցեալում կատարւած յանցագործութիւնների դատապարտումը նոր յանցագործութիւնների կանխարգելման կարեւորագոյն գրաւականն է: Կոչ է անում խորհրդարաններին եւ խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպութիւններին, իրաւապաշտպան կառոյցներին՝ դատապարտել Սումգայիթի, Կիրովաբադի (Գանձակ), Բաքւի հայ բնակչութեան նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացւած ոճրագործութիւնները, եւ միջազգային մարդասիրական իրաւունքի խախտումները, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգութեան, կայունութեան եւ զարգացման համար, գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման ուղղութեամբ:
Վերահաստատում է, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները, հանդիսանալով իր հայրենիքում հայ ժողովրդի խաղաղ կենսագործունէութեան երաշխաւորները, պահանջատէր են հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործութիւնների դատապարտման եւ դրանց զոհերին ու իրաւայաջորդներին արդարացի հատուցում տրամադրելու համար»: