Աղբիւր՝ www.yerkir.am
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (Արցախի Հանրապետութեան) արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել Ղրիմի կարգավիճակի հանրաքւէի վերաբերեալ, որը ներկայացնում ենք ստորև: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (Արցախի Հանրապետութեան) արտաքին գործերի նախարարութիւնը դիտարկում է ս.թ. մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետութիւնում հանրաքւէի անցկացումը՝ որպէս ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի իրականացման հերթական դրսևորում: Իր զարգացման ուղին ինքնուրոյն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու իւրաքանչիւր ժողովրդի իրաւունքը, որն ամրագրւած է ՄԱԿ-ի Կանոնադրութիւնում և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրաւունքի առանցքային սկզբունքներից մէկն է: Վերջին տարիների փորձը և, մասնաւորապէս, Կատալոնիայում և Շոտլանդիայում նախատեսւած հանրաքւէները վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրաւունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգաւորման առաւել օպտիմալ և ժողովրդավարական եղանակն է: ԼՂՀ ԱԳՆ-ն յոյս է յայտնում, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետութիւնում հանրաքւէի արդիւնքում ստեղծւած իրավիճակն իր լուծումը կստանայ իրաւական դաշտում՝ բացառապէս խաղաղ ճանապարհով։