Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Արցախի արտաքին գործերի նախարարութիւնը ողջունում է ֆրանսիական Վալանս, Բուր-լէ-Վալանս, Բուր-դը-Պեաժ և Առնուվիլ քաղաքների քաղաքապետերի յայտարարութիւնները՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական յարաբերութիւնները շարունակելու մտադրութեան մասին՝ ի հեճուկս վարչական դատարանների դատավճիռների։ Այս մասին նշւած է Արցախի Հանրապետութեան ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսեանի մեկնաբանութեան մէջ։
«Կիսում ենք այն տեսակէտը, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցութիւնը հիմնւած է հաւասարութեան և ազատութեան ընդհանուր արժէքների և համոզմունքների վրայ, որոնք վեր են այսրոպէական քաղաքական և տնտեսական շահերից։ Մեր երախտագիտութիւնն ենք յայտնում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամութեան շրջանակին՝ ֆրանսիական կառավարութեանը կոչ անելու համար՝ անաչառութիւն ցուցաբերել և չտրւել Ադրբեջանի ճնշմանը։
Համոզւած ենք, որ պաշտօնական Բաքւի կողմից տարւող Արցախը մեկուսացնելու քաղաքականութեան սատարումը ոչ մի կերպ չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ լուծմանը։ Նմանատիպ գործողութիւնները ոչ միայն չեն կարող ներկայացւել որպէս չեզոք դիրքորոշում, այլ, ընդհակառակը՝ հակամարտութեան կողմերից մէկին ակնյայտ աջակցութիւն են հանդիսանում։
Ինչպէս բազմիցս ենք յայտարարել՝ Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը կը շարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ ուղղւած Արցախի վարչատարածքային միաւորները միջազգային գործընթացներին ներգրաւելու համար պայմանների ստեղծմանը։ Խորապէս համոզւած ենք, որ միջազգային համագործակցութիւնը մարդու հիմնարար իրաւունքների և ազատութիւնների խթանման արդիւնաւետ գործիք է, և նման կարևոր առաւելութիւնից ու մարդասիրական շփումների համար հնարաւորութիւններից Արցախի քաղաքացիներին զրկելու փորձերն անթոյլատրելի են»,- նշւած է մեկնաբանութեան մէջ։