Աղբիւր՝ www.asbarez.com

 

Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային տօնի օրը Ասկերանի շրջանի Խանցք համայնքում կազմակերպւեց Արցախի թոնիրի հացի փառատօն: Առաւօտեան ժամը 5-ից սկսեալ Խանցք համայնքի կանայք վառել էին իրենց տան թոնիրները եւ սկսել էին հաց թխել: Կէսօրին մայրաքաղաք Ստեփանակերտից փառատօնին ներկայ գտնւելու համար գիւղ էին եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը եւ գործադիր իշխանութեան ներկայացուցիչները:

Հիւրերը թոնիրին մօտ համտեսել են տաք թոնիրի հացը, այնուհետեւ ուղղւել գիւղի դպրոցի բակը, որտեղ տեղի է ունեցել հիմնական ձեռնարկը: Թոնիրի հացի փառատօնին մասնակցում էին Խանցքից 42 կանայք, որոնք ներկայացրել են թոնիրում իրենց ձեռքով թխած հացը: Խանցք համայնքի ղեկավարը հաստատել է, որ Խանցքն այն եզակի գիւղերից է, որ մինչեւ օրս պահպանում է հնից եկած աւանդութիւնները, եւ խանցքեցիները խանութից հաց չեն գնում ընդհանրապէս. «Խանցքի բնակիչներն ամուր կառչած են իրենց արմատներից, մեր գիւղից արտահոսք առհասարակ չկայ, արդէն 16 տարի է, ինչ Խանցք համայնքի ղեկավար եմ եւ բնակչութեան թիւը այս տարիների ընթացքում նոյնն է մնացել»,- նշել է Խանցք համայնքի ղեկավար Զորիկ Յարութիւնեանը:

Խանցքեցիներն իրենց արտերում մշակած ցորենից հաց են թխում, եւ թխած հացը շուկայի մէջ չեն ծախում: Խանցքեցի տարեց կանայք կէս-կատակ կէս-լուրջ ասում էին, որ իրենց գիւղը հարս եկողներն էլ կարճ ժամանակի ընթացքում սովորում են հաց թխել եւ շարունակում են տարեց սկեսուրների գործը:

Գիւղապետի համաձայն՝ գիւղի բնակիչները մեծ ոգեւորութեամբ ընդունել են հացի փառատօն կայացնելու գաղափարը, եւ մօտ մէկ ամիս ամբողջ գիւղը պատրաստւել էր միջոցառման պատշաճ կերպով կայացմանը: Օրը խանցքեցիների եւ հիւրերի համար իսկապէս տօնական էր, որովհետեւ արցախեան հիւրասիրութեանն ընկերակցում էին ժողովրդական երգերն ու շուրջպարը: