Աղբիւր՝ www.yerkir.am
Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար Պետրոս Թերզեանին:
«Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար, չնայած կարծում եմ, իրադարձութիւնը, որը յանգեցրեց մեր այսօրւայ հանդիպմանը, այնքան էլ ուրախալի չէ և կապւած է «Հայաստան» համահայկական հիմնադրամում տեղի ունեցող դէպքերի հետ:
Իհարկէ, մեզ համար շատ ցաւալի է այն իրողութիւնը, որ հիմնադրամի տնօրէնի կողմից տեղի է ունեցել անթոյլատրելի արարք, բայց ուզում եմ նաեւ ընդգծել, որ այդ ամէնի մասին տեղեկատւութիւնը ստանալով՝ մենք չէինք կարող այլ արձագանք ունենալ, որովհետեւ մեր սկզբունքն է, որ օրինականութիւնը ՀՀ-ում պէտք է լինի անառարկելի և այստեղ որեւէ երկրորդ կարծիք լինել չի կարող:
Ընդհանրապէս, հիմնադրամի շուրջ վերջին տարիներին ոչ կոնկրետ, որոշակի անվստահութեան ինչ-որ մթնոլորտ էր առաջացել, դա գուցէ կապւած էր նաեւ ընդհանրապէս Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ ու այդպէս շարունակ: Բայց ես յոյս ունեմ, որ այս գործընթացների արդիւնքում մենք կը կարողանանք կոնկրետացնել մեր պատկերացումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի յետագայ անելիքների վերաբերեալ, ընդհանրապէս նոր մօտեցումներ արձանագրել Սփիւռքի և Հայաստանի յարաբերութիւնների, փոխգործակցութեան ձեւերի, մակարդակի, իհարկէ, հիմնադրամի վերաբերեալ»,- ասել է Նիկոլ Փաշինեանը:
Նշելով, որ ստեղծւած իրավիճակի հետ կապւած, որպէս հիմնադրամի ամենայուսալի ներկայացուցիչներից մէկը, հետաքրքրիր կը լինի լսել Պետրոս Թերզեանի տեսակէտը՝ վարչապետը շնորհակալութիւն է յայտնել նրան բարդ, ոչ այնքան բարենպաստ պայմաններում հիմնադրամի ղեկավարի դերը ստանձնելու համար:
Իր հերթին, Պետրոս Թերզեանը նշել է. «Մեզ համար մեծ ցնցում էր այդ լուրը, որովհետեւ հիմնադրամի պատմութեան մէջ նման բան չի եղել: Մենք գործել ենք հաստատակամութեամբ, որ այն մաքուր մարմին է: Հսկայակական ծրագրեր են իրականացւել անցած 26 տարւայ ընթացքում, հսկայական ճիգեր են գործադրւել՝ այս միջավայրում ապահովելու հիմնադրամի մաքուր գործունէութիւնը, ինչը դժւար էր: Կարծում եմ՝ յաջողել ենք, մինչեւ այս դէպքի ի յայտ գալը»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատարը վստահեցրել է, որ անելու են ամէն ինչ՝ նւիրատուների գումարներն իրենց նպատակներին հասցնելու համար: «Հայաստան» համահայկական հիմնադրամը կարեւոր է ոչ միայն անցեալով, այլ նաև ապագայով, քանի որ ունենք մեծ անելիքներ ու ծրագրեր»,- ասել է Պետրոս Թերզեանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հիմնադրամի յետագայ գործունէութեանն առնչւող հարցեր: