Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Նախագահ Սերժ Սարգսեանն ընդունել է Ազգային ժողովի կողմից մարտի 2-ին Հանրապետութեան նախագահ ընտրւած Արմէն Սարգսեանին, ով Սահմանադրութեան համաձայն պաշտօնը կը ստանձնի Հանրապետութեան նախորդ նախագահի լիազօրութիւնների աւարտման օրը:
Սերժ Սարգսեանը շնորհաւորել է Արմէն Սարգսեանին Հանրապետութեան նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ, մաղթել յաջողութիւններ եւ վստահութիւն յայտնել, որ Հայաստանի համար ապագայ տարիները լինելու են լաւագոյն ձեռքբերումների տարիներ:
«Սրտանց շնորհաւորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետութեան նախագահ ընտրւելու կապակցութեամբ: Սա, անշուշտ, շատ կարեւոր իրադարձութիւն է մեր ժողովրդի եւ պետութեան կեանքում եւ, իհարկէ, շատ կարեւոր հանգրւան է խորհրդարանական ժողովրդավարութեան կայացման ճանապարհին: Վստահ եմ, որ Դուք լաւագոյնս էք կատարելու Հայաստանի Հանրապետութեան նախագահի պարտականութիւնները:
Այս ընթացքում ուշադրութեամբ հետեւելով Ձեր հանդիպումներին` ես ուղղակի համոզւած եմ, որ ամէն ինչ լաւ է լինելու: Մինչեւ Ձեր պարտականութիւնների ստանձնումը մնացել է քառասուն օր: Այս քառասուն օրերի ընթացքում Դուք ամբողջովին կարող էք ապաւինել իմ աշխատակազմի, մեր պետական կառոյցների բոլոր պաշտօնեաների աջակցութեանը եւ տնօրինէք այդ ժամանակը ինչպէս կը ցանկանաք, որովհետեւ այդ դժւար եւ պատւաբեր պարտականութիւնները կատարւում են ի շահ մեր ժողովրդի: Մէկ անգամ եւս սրտանց շնորհաւորում եմ Ձեզ»,-ասել է նախագահ Սերժ Սարգսեանը: