Աղբիւր՝ www.yerkir.am
Յունւարի 25-26-ը Արցախի Մարտունու եւ Հադրութի շրջանների զօրամասէր եւ սահմանամերձ որոշ մանկապարտէզներ են այցելել Իրանում գործող «Թեւանիկ» խմբի, Հայ Օգնութեան Միութեան Արցախի միաւորի, ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան մի խումբ անդամներ: Նպատակը առաջնագծում մարտական հերթապահութիւն իրականացնող պայմանագրային զինծառայողների համար նախատեսւած վերարկուները, կոստիւմները եւ մանկապարտէզների սաների համար պատրաստւած նւէրները յանձնելն էր:
Արցախի սահմանը անառիկ պահող զինծառայողների համար ուղարկւած հագուստը Իրանում ապրող հայ արհեստաւորների ձեռքի աշխատանքն է: «Այն «Յակոբեան» գործարանի կողմից տրամադրւել է «Թեւանիկ» խմբին, որը ՀՕՄ-ի Արցախի կառոյցի միջոցով մենք երկու օրւայ ընթացքում յանձնեցինք Արցախի զինծառայողներին»,- «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշել է «Թեւանիկ» խմբի անդամ Րաֆֆի Զարիֆեանը:
«Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր զինծառայողների առաջ: Մենք կամ աշխարհի որեւէ ծայրում ապրող հայերը ինչ էլ անենք, մեր արածը ոչինչ է այն ամէնի հանդէպ, ինչ անում են զինւորները, որովհետեւ մեր երեխաները, թոռները նրանց շնորհիւ են կարողանում ազատօրէն խաղալ»,- զինծառայողների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան, ՀՕՄ-ի Արցախի միաւորի անդամ Ռիտայ Մնացականեանը:
Հադրութ քաղաքի եւ Առաքել գիւղի մանկապարտէզներին են յանձնւել խաղալիքներ եւ այլ նւէրներ:
Առաքել գիւղի մանկապարտէզի տնօրէն Նուշիկ Ղահրամանեանը շնորհակալութիւն է յայտնել նւէրների համար` նշելով, որ գիւղը հիմնադրման օրւանից ի վեր միշտ զգացել է Սփիւռքում ապրող հայերի աջակցութիւնը:
Բացի վերանշեալից, Բանակի օրւայ առիթով ՀՕՄ-ի Արցախի կառոյցը մարտական հերթապահութիւն իրականացնող պայմանագրային զինծառայողների երեխաներին է յանձնել «Թեւանիկ» խմբի կողմից ուղարկւած կապոցները եւ Աւստրալիայում ապրող բարերարի տրամադրած դրամական պարգեւները: