Աղբիւր՝ www.yerkir.am
Եթէ սահմանային իւրաքանչիւր խախտման դէպքում մեզ թւում է, թէ ՀԱՊԿ-ը պէտք է միջոցներ ձեռնարկի ու միջամտութիւն ցուցաբերի, նման ստորագրւած փաստաթուղթ գոյութիւն չունի ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ. լրագրողներին ասել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարեանը` անդրադառնալով հարցին, թէ սահմանային միջադեպերի դէպքում ինչպէս պէտք է իրեն դրսեւորի ՀԱՊԿ-ը:
Նա նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ կան ստորագրւած փաստաթղթեր, թէ որ դէպքերում ինչ է նշանակում ռազմական ագրեսիա, ինչպէս են որոշումներն ընդունւում եւ այլն:
«ՀԱՊԿ-ը պէտք է արձագանքի նախ` մեր երկրի դէմ ռազմական ագրեսիայի դէպքում: Ռազմական ագրեսիան դա առանձին սահմանի խախտման դէպք չէ: Մենք այսօր Հայաստան-Թուրքիա սահմանի վրայ ունենում ենք սահմանախախտման դէպքեր, օրինակ` ձերբակալւում են սահմանախախտներ, ովքեր հատել են ՀՀ սահմանը Թուրքիայի կողմից կամ այս կողմից փորձել են անցնել միւս կողմը: Հիմա ամէն մի սահմանախախտման կամ սահմանային ոտնձգութիւնների հետ կապւած որոշումներ ՀԱՊԿ-ի շրջանակներում գոյութիւն չունեն: Խօսքը վերաբերում է զինւած յարձակմանը, զինւած ագրեսիային, հասկանո՞ւմ էք` պետութեան դէմ…»,- ասաց ԱԱԽ քարտուղարը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թէ դիւերսիոն խմբերի յարձակումները, ըստ էութեան, զինւած յարձակումներ չե՞ն, կամ պետութեան դէմ չե՞ն, ԱԱԽ քարտուղարն արձագանքեց, թէ պէտք է կարողանալ իրավիճակը սթափ գնահատել:
«ՀԱՊԿ-ը դա ռազմական, քաղաքական դաշինք է, ու ՀԱՊԿ-ի անդամ իւրաքանչիւր պետութիւն ունի իր հարաբերութիւնները ե՛ւ Հայաստանի Հանրապետութեան, ե՛ւ այլ երկրների հետ: Եւ որ դէպքում է դա դիտւում զինւած յարձակում, դա նախատեսւած է միջպետական պայմանագրերով»,- շեշտեց Արթուր Բաղդասարեանը:
Yerkir.am-ի միւս հարցին` որեւէ խոստում, երաշխիք կա՞յ ՀԱՊԿ-ի կողմից, թէ ինչպէս պէտք է արձագանքի ՀԱՊԿ-ը ԼՂՀ-ի դէմ ագրեսիա սանձազերծւելու դէպքում, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, թէ ԼՂՀ-ն ՀԱՊԿ անդամ չէ, ու Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան երաշխաւորը Հայաստանի Հանրապետութիւնն է:
«Այսինքն` ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, ու խօսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետութեան դէմ ռազմական ագրեսիայի, ռազմական յարձակման, որը յստակ կանոնակարգւած է ու վաւերացւած միջպետական պայմանագրերով»,- նշեց Արթուր Բաղդասարեանը` լրացուցիչ պարզաբանելով, որ այդ համաձայնագրերում ամէն ինչ յստակ է, թէ որ դէպքում ինչպէս պէտք է արձագանքի ՀԱՊԿ-ը, ինչ է նշանակում ռազմական ագրեսիա եւ այլն: