Աղբիւր՝ www.yerkir.am

Փետրւարի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանում Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակի նախաձեռնութեամբ տեղի է ունեցել Արցախի պատմութեանը նւիրւած «15 հարց, 15 պատասխան, ամէն ինչ իմանալ ԼՂՀ մասին 10 րոպէում» ֆրանսալեզու գրքի շնորհանդէսը: 

Գրքի նպատակն է Արցախի մասին ճշգրիտ տեղեկատւութիւն տարածել ֆրանսախօս հասարակութեան շրջանում: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարւել 29 տարի առաջ Արցախում սկսւած ազգային-ազատագրական պայքարի պատմութեանը, ինչպէս նաեւ յարգանքի տուրք է մատուցւել ադրբեջանական իշխանութիւնների կողմից կազմակերպւած հայերի ջարդերի զոհերին եւ 2004 թ․ փետրւարի 19-ին ադրբեջանցի սպայ  Ռ. Սաֆարովի կողմից կացնահարւած Գուրգէն Մարգարեանին: 

Շնորհանդէսին ներկայ գտնւող Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամութեան շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն իր ելոյթում ողջունել է Արցախում   նոր Սահմանադրութեան նախագծի վերաբերեալ հանրաքւէի անցկացումը եւ յայտարարել շրջանակի անւանափոխման մասին` այն վերանւանելով Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակ:

Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի մի շարք պատգամաւորներ, սենատորներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգէն Չիտեչեանը, Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանը, քաղաքապետեր եւ ԶԼՄ ներկայացուցիչներ: 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ