Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Այն, որ Արցախում կայացած հանրաքւէն եղել է բարձր մակարդակով կազմակերպւած ու ժողովրդի ակտիւ մասնակցութեամբ փաստում են նաեւ Արցախ ժամանած տարբեր երկրների պատւիրակութիւնների ներկայացուցիչները: Ինչպէս նշել են Աւստրիայի, Բոլիվիայի, Գերմանիայի ու Բասկերի երկրի պատւիրակութիւնների անդամները` ամէն ինչ թափանցիկ է եղել: Իսկ ժողովրդի կարծիքն իմանալու այս ձեւն էլ ժողովրդավարութեան սկզբունքներից է բխում` նշել են նրանք:
Բոլիվիայի պատւիրակութիւնն առաջին անգամ է Արցախում: Պատգամաւորների պալատի անդամ Նելլի Լենսը նախ Բոլիվիայի նախագահի ողջոյնները փոխանցեց:
Բասկերի երկրի ներկայացուցիչները եւս դիտորդական առաքելութիւն են իրականացրել Արցախում: Նրանք նշել են, որ հանրաքւէն անց է կացւել թափանցիկ, ազատ:
Լորենա Լոպես դա Լակալայինն էլ նշել է, որ հանրաքւէն անց է կացւել բաւականին բարձր մակարդակով եւ առանց բողոքների:
Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս Եօհան Շմիդտը կարեւորել է ժողովրդի ակտիւ մասնակցութեան փաստը. ժողովուրդը պէտք է ակտիւ մասնակցի քաղաքական գործընթացներին` ասել է նա:
Աւստրիայի պատւիրակութեան ներկայացուցիչ Վոլֆգանագ Իւնգը գոհունակութիւն է յայտնել Արցախում նման ձեւով կազմակերպւած հանրաքւէի համար:
«Եղել եմ Արցախի տարբեր շրջաններում եւ տեսել եմ մարդկանց ակտիւութիւն, որն էլ վկայում է, որ այստեղ ժողովրդավարութիւն է տիրում: Կարող եմ գերազանց գնահատել հանրաքւէի արդիւնքները: Յուսով եմ` նորից կայցելեմ Արցախ: Մենք Արցախի ժողովրդավարութեան մասին պատմելու ենք ամենուր»,- եզրափակել են դիտորդները ու խոստացել կրկին այցելել նաեւ անձնական այցով: