Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թալիշի վերականգնման արդէն մեկնարկած ծրագրի իրականացման ուղղութեամբ բուռն գործունէութիւն կը ծաւալի նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Այս մասին նշել է ԼՂՀ քաղաքաշինութեան նախարար Կարէն Շահրամանեանը` ընդգծելով, որ այդ որոշումը կայացւել է` առաջին հերթին հաշւի առնելով թալիշցիների կարծիքը:
«Ալաշանում հաստատւած թալիշցիների հետ հանդիպումների ժամանակ հանրապետութեան իշխանութիւնների կողմից առաջարկ է եղել, որ նրանք վերադառնան իրենց գիւղ: Այս առումով տրւել են որոշակի անվտանգութեան երաշխիքներ, եւ արդէն 10-12 հոգի տեղափոխւել են հարազատ գիւղ ու բնակւում են այնտեղ»,- ասել է Կ. Շահրամանեանը:
Անդրադառնալով գիւղում արդէն կատարւած աշխատանքներին` նախարարը նշել է, որ Թալիշում վերականգնւել են բոլոր ենթակառուցւածքները:
«Խօսքը վերաբերում է էլեկտրականութեանը, ջրամատակարարմանը, գիշերային լուսաւորութեանը: Սկսել ենք գիւղի նոր դպրոցի եւ հանդիսութիւների տան վերակառուցման եւ մանկապարտէզի կառուցման նախագծային աշխատանքները: Շինարարների համար ստեղծւելու են բոլոր պայմանները, որպէսզի մեծ թափով շարունակւեն վերակառուցման աշխատանքները: Նախատեսում ենք դպրոցը եւ մանկապարտէզը շահագործման յանձնել սեպտեմբերի մէկից: Թալիշ վերադարձողների համար կը կառուցենք նոր բնակելի տներ կամ հիմնովին կը վերակառուցւեն հները»,- մանրամասնել է Կ. Շահրամանեանը եւ յաւելել, որ գիւղին նոր շունչ կը հաղորդւի:
«Արդեօ՞ք ապահով է Թալիշում բնակութիւն հաստատելը» հարցին ի պատասխան ԼՂՀ քաղաքաշինութեան նախարարն ասել է, որ Մատաղիս գիւղն ու Մարտակերտ քաղաքն էլ նոյն կարգավիճակում են գտնւում, սահմանից նոյն հեռաւորութեան վրայ են, բայց մարդիկ այնտեղ ապրում են:
«Այն շինութիւնները, որոնք կառուցում ու վերակառուցում ենք, գտնւում են գիւղի համեմատաբար անվտանգ ու ապահով գօտում: Իսկ անվտանգ ապրելու համար մենք այլ միջոցներ էլ ենք ձեռնարկում»,- ասել է քաղաքաշինութեան նախարարը:
Կ. Շահրամանեանի խօսքով, Թալիշի վերականգնմանը զուգահեռ` Ալաշանում կը շարունակւի ժամանակաւոր բնակավայրին յատուկ պայմանների ստեղծումը, սակայն հիմնական ներդրումներն ուղղւելու են Թալիշին: