Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ՀՀ բնապահպանութեան նախարարութեան տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութեան բաժնի պետ Արմէն Վարդանեանը Tert.am-ի հետ զրոյցում հաստատեց իրանական մամուլում տեղ գտած այն յայտարարութիւնը, որ հայ-իրանական սահմանին այգի կը կառուցւի, որը կը ստանայ «Բարեկամութեան և խաղաղութեան այգի» անունը։

Մամուլի խօսնակը նշեց, որ պայմանաւորւածութիւնը ձեռք է բերւել դեռևս 2011 թ.-ին Իրանի Իսլամական Հանրապետութեան Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։

«ՀՀ Բնապահպանութեան նախարարութեան և Իրանի բնապահպանութեան վարչութեան միջև ստորագրւել է բնապահպանական համագործակցութեան վերաբերեալ փոխըմբռնման յուշագրի իրականացման 2012-2013 թթ. գործողութիւնների ծրագիր ու ձեռք է բերւել պայմանաւորւածութիւն երկու պետութիւնների ընդհանուր սահմանում «Բարեկամութեան և խաղաղութեան այգի» ստեղծելու մասին»,- նշեց Արմէն Վարդանեանը։

Ըստ նրա, սահմանամերձ գոտում «Բարեկամութեան և խաղաղութեան այգի» ստեղծելու նախաձեռնութեան իրագործման շրջանակներում ՀՀ բնապահպանութեան նախարարութիւնը յայտնել էր իր պատրաստակամութիւնը` երկու երկրների պահպանւող տարածքների միջև էկոլոգիական միջանցքներ և միգրացիոն ուղիներ առանձնացնելու, այդ տարածքներում գիտական փոխգործակցութեան նախադրեալներ ստեղծելու համար:

«Նշւած նախաձեռնութեան իրագործման համար Մեղրու սահմանամերձ տարածքներում արդէն նախատեսւել և քարտեզագրւել են 6 էկոլոգիական միջանցքներ, նախատեսւում է առանձնացնել միգրացիոն ուղիներ, սահմանել համապատասխան պահպանութեան ռեժիմ, որը կապահովի կենդանիների անարգել միգրացիան: Այս գործընթացն աւարտին հասցնելու վերջնական պայմանաւորւածութիւն ձեռք է բերւել Իրան կատարած այցի շրջանակներում ՀՀ ԲՆ նախարար Արամ Յարութիւնեանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Մասումե Էբթեքարի հանդիպման ժամանակ»,- նշեց Ա. Վարդանեանը: