Աղբիւր՝ www.hyeli.com

 

Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսիին, տեղեկացնում է Aysor.am-ը, մէջբերելով կառավարութեան պաշտօնական կայքը:

Հաղորդագրութեան համաձայն՝ վարչապետը ՀՀ կառավարութեան անունից շնորհաւորել է դեսպանին եւ Իրանի բարեկամ ժողովրդին Ազգային տօնի՝ Իրանի Իսլամական յեղափոխութեան 35-րդ տարեդարձի առթիւ եւ մաղթել յաջողութիւններ:

«Այս հանդիպումները ծառայում են մեր երկու ժողովուրդների բարեկամութեան ընդլայնմանը, եւ մենք պարտաւոր ենք հետեւողականօրէն իրականացնել տնտեսական համագործակցութեան համատեղ ծրագրերը»,- ասել է կառավարութեան ղեկավարը:

Դեսպան Ռեիսին նշել է, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականութեան գերակայութիւններից է, եւ Իրանը պատրաստ է ընդլայնելու ինչպէս երկկողմ, այնպէս էլ բազմակողմ գործակցութիւնը տարբեր, եւ յատկապէս էներգետիկայի ու տարանցիկ փոխադրումների ոլորտներում:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի օրակարգին (էներգետիկա, զբօսաշրջութիւն, ենթակառուցւածքների զարգացում) առնչւող հարցերի լայն շրջանակ: Արծարծւել են, մասնաւորապէս, ընթացիկ՝ Մեղրիի հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ-ի) եւ Հայաստան-Իրան բարձրաւոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ինչպէս նաեւ նախագծային փուլում գտնւող՝ Հայաստան-Իրան երկաթգծի եւ Իրան-Հայաստան նաւթատարի շինարարութեան ծրագրերին վերաբերող մանրամասներ: Վարչապետը նշել է, որ այս ծրագրերը ՀՀ կառավարութեան առաջնահերթութիւններն են եւ կգործադրւեն բոլոր ջանքերը՝ դրանց իրագործման համար:

Նշւել է նաեւ, որ ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ յանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստը նախատեսւում է անցկացնել այս տարի Թեհրանում, որն էլ հնարաւորութիւն կտայ քննարկել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցութեան ընդլայնման ուղղութիւնները:

Համագործակցութեանը նոր լիցք հաղորդելու առումով երկուստէք կարեւորւել են բարձր մակարդակով պաշտօնական փոխայցերը: Պարոն Ռեիսին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանին է փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջոյնները եւ Իրան այցելելու հրաւէրը: