Աղբիւր՝ www.yerakouyn.com
Հայաստանն ու Արցախը շատ արագ ձեռնամուխ եղան իրար կապող ռազմավարական, ընկերա-տնտեսական կարեւոր նշանակութիւն ունեցող նոր ճանապարհի կառուցման:
Միջոցներն այդ նպատակով հանգանակւեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2013-ի ամենամեայ հեռուստամարաթոնի ընթացքում, իսկ 2014-ի սկզբում արդէն մեկնարկեցին եւ հարթ կերպով ընթանում են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարական աշխատանքները: Ըստ «Արմէնփրես»-ի, այս մասին յայտնել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի շինարարական բաժնից: Այժմ ճանապարհի կառուցման աշխատանքների մէջ ներգրաււած են վեց շինարարակական կազմակերպութիւն: «Եղանակը բարենպաստ է, եւ արդէն 10-15 օրից ի վեր շինարարակական կազմակերպութիւններն իրականացնում են հողային աշխատանքները»,- հաղորդել են հիմնադրամի շինարարական բաժնից` նշելով, որ աշխատանքները յատկապէս ընթանում են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի արցախեան հատւածի վրայ:
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը կը լինի 116 քմ., նոր ճանապարհի տակ կը տեղադրւեն ջրահեռացման համակարգեր` անձրեւաջրերի քայքայումից ճանապարհը պաշտպանելու համար: Վաթսուն թոն բեռնատարողութեան համար նախատեսւած ճանապարհի մերձակայ լեռնալանջերը կամրացւեն: Կը կառուցւեն ժայռի եւ ճանապարհի միջեւ արտաքին եւ ներքին արգելապատնէշներ` քարաթափերից պաշտպանւելու համար: Ճանապարհի երկայնքով գտնւում են 30 գիւղ, կը կառուցւեն ճանապարհային 16 կամուրջներ:
Հայաստանաբնակ եւ աշխարհասփիւռ հայերը «Դէպի Արցախ» խորագրող 16-րդ ամենամեայ հեռուստամարաթոնի ժամանակ 2013-ի նոյեմբերի 29-ին հանգանակեցին աւելի քան 22 միլիոն 661 հազար 372 դոլար: