Աղբիւր՝ www.yerkir.am
Արցախի Հանրապետութեան կառավարութեան մի շարք անդամներ, վարչապետ Արայիկ Յարութիւնեանի գլխաւորութեամբ, յուլիսի 8-ին Ազգային ժողովի պաշտպանութեան, անվտանգութեան եւ օրինապահպանութեան մշտական յանձնաժողովին եւ խմբակցութիւնների ղեկավարներին են ներկայացրել օպերատիւ շտաբի գործունէութեան եռամսեակային հաշւետւութիւնը, որը ներառում էր նաեւ ապրիլի 4-ից ի վեր ԱՀ կառավարութեան յատուկ հաշւեհամարում հանգանակւած գումարների ծախսման վերաբերեալ գաղտնի տեղեկութիւններ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի կառավարութեան կայքից:
Քանի որ կառավարութիւնն ի սկզբանէ պարբերաբար հրապարակում էր պարենային եւ իրային աջակցութեան մուտքի եւ ելքի, ինչպէս նաեւ ֆինանսական աջակցութեան մուտքի վերաբերեալ ողջ տեղեկատւութիւնը, այժմ ստորեւ հրապարակում ենք նաեւ հանգանակւած գումարների ծախսերի վերաբերեալ ընդհանուր տեղեկատւութիւն` առանց բացելու ռազմական գաղտնիք պարունակող մանրամասները:
2016 թւականի յուլիսի 1-ի դրութեամբ` 6,831 ֆիզիքական եւ իրաւաբանական անձանց կողմից կառավարութեան յատուկ հաշւեհամարին է փոխանցւել 2,334,853,200 ՀՀ դրամ, 3,510,147 ԱՄՆ դոլար, 173,728 եւրոյ եւ 62,121,313 ՌԴ ռուբլի կամ, ընդհանուր առմամբ, 4,562,175,600 համարժէք ՀՀ դրամ:
Ապրիլի 4-ից մինչեւ յուլիսի 1-ը հաւաքագրւած գումարներից տարբեր նշանակութեան ծախսեր են կատարւել, որոնք ներառել են հետեւեալ ընդհանրական տողերը` ՀՀ դրամով արտայայտւած` փոխանցում ԼՂՀ պաշտպանութեան նախարարութեանը` 597,826,000, ռազմական նշանակութեան տեխնիկայի եւ սարքաւորումների ձեռքբերում` 736,529,100, ինժեներական աշխատանքների կատարում` 356,452,800, ՊԲ կարիքների համար ենթակառուցւածքների, տրանսպորտի եւ կապի ծառայութիւնների ու կապիտալ ծախսերի իրականացում` 198,859,700, զօրակոչւած քաղաքացիներին եւ կամաւորականներին դրամական աջակցութեան տրամադրում` 532,372,100:
Հաշւի առնելով տւեալ ծախսերի գաղտնիութիւնը` կառավարութիւնը չի կարող աւելի մանրամասն հրապարակային տեղեկատւութիւն տրամադրել դրանց վերաբերեալ: Այնուամենայնիւ, կարեւորելով հանգանակութեան ոչ միայն մուտքերի, այլ նաեւ ծախսերի թափանցիկութիւնը` գործադիր մարմինը պատրաստակամութիւն է յայտնում կազմակերպել աւելի մանրամասն փակ հաշւետուութիւն մի խումբ հասարակական-քաղաքական գործիչների առջեւ` նրանց ցոյց տալու յատուկ հաշւեհամարի գումարներով կատարւած աշխատանքները:
Բացի ֆինանսական հանգանակութիւնից, կառավարութիւնը ստացել է նաեւ զգալի ծաւալի իրային եւ պարենային աջակցութիւն, որոնք հաշւետու ժամանակահատւածում տրւել են կարիքաւոր քաղաքացիներին եւ պաշտպանութեան նախարարութեանը: Դրանց շարքում, 137 նւիրաբերուած մեքենաները փոխանցւել են գլխաւորապէս պաշտպանութեան նախարարութեանը, ինչպէս նաեւ մի շարք այլ պետական մարմինների:
Կառավարութիւնը շնորհակալութիւն է յայտնում բոլոր այն սրտցաւ մարդկանց, ովքեր Ադրբեջանի կողմից ապրիլեան ագրեսիայի օրերին եւ դրանից յետոյ իրենց ներդրումն են ունեցել Արցախի առաջնագծի եւ թիկունքի ամրացման կարեւոր գործում` վստահելով հանրապետութեան իշխանութիւններին տնօրինելու իրենց նւիրատւութիւնները` յանուն Արցախի անվտանգութեան մակարդակի բարձրացման: