Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր Վարշաւայում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Նախագահը շնորհակալութիւն է յայտնել Հայաստանի համար կենսական նշանակութիւն ունեցող բոլոր հարցերում Ֆրանսուա Օլանդի հետեւողական աջակցութեան եւ կարեւոր դերակատարման համար, ընդգծելով, որ Հայաստանում իրապէս հպարտանում են Ֆրանսիայի հետ առանձնաշնորհեալ յարաբերութիւններ ունենալու իրողութեամբ:
Նախագահը գոհունակութեամբ է փաստել, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցութիւնը տարիների ընթացքում նկատելիօրէն ընդլայնւել է. ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծաւալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մէկը:
Սերժ Սարգսեանը երախտագիտութիւն է յայտնել վերջերս Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող նախագծի ընդունման համար, որում մեծ է նախագահ Օլանդի անձնական ներդրումը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: ՀՀ Նախագահը մեծապէս կարեւորել է Ֆրանսիայի` որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մէկի, ակտիւ դերակատարութիւնը բանակցային ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգաւորման գործում եւ շնորհակալութիւն յայտնել Նախագահ Օլանդին նաեւ անձնական ջանքերի հետեւողական ներդրման համար: Սերժ Սարգսեանը եւ Ֆրանսուա Օլանդը երկուստեք կարեւորել են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ընդունւած յայտարարութիւններում ամրագրւած դրոյթների անվերապահ կատարումը: Նախագահները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի առաջ մղման հեռանկարի շուրջ: