Աղբիւր՝ www.yerkir.am

ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ԾԻՐԱՆՈՎ ԵՒ ԼԱՎԱՇՈՎ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ

15:00-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Հռոմի պապի ինքնաթիռը: Նրան դիմավորելու են եկել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, դեսպաններ, հոգևորականներ:

Ամենաառաջինը Հռոմի պապին մոտեցան ազգային տարազով երկու փոքրիկներ, ծիրան և լավաշ մատուցեցին: Այնուհետև Հռոմի պապի ձեռքը սեղմեցին ՀՀ նախագահը, առաջին տիկինը, Ամենայն հայոց կաթողիկոսը: Դիմավորելու ժամանակ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը կատարում էր եկեղեցական շարականներ: Հռոմի պապին դիմավորեց նաև պատվո պահակախումբը:

Նշենք, որ Հռոմի պապն ուխտագնացության է եկել առաջին քրիստոնյա երկիր` Հայաստան, որպես խաղաղության սուրհանդակ:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀԱՄԲՈՒՐԵՑ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՆ ՈՒ ՍԲ ԽԱՉԸ

Հռոմի պապը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնեց Էջմիածին և եկեղեցական զանգերի ղողանջների ներքո մտավ Մայր տաճար: Հռոմի պապին դիմավորելու էր եկել հայ ժողովրդի հոծ բազմություն, որոնց մեծ մասը` երեխաներ: Մուտք գործելով Մայր տաճար` նա համբուրեց Սբ Ավետարանն ու Սբ Խաչը: Նա օրհնեց Մայր տաճարում գտնվող ժողովրդին, որից հետո ընթերցեց «Ի մեջ տաճարիս» աղոթքը:

Եկեղեցական երգչախումբը շարականներ է կատարում: Կատարվում է խնկարկություն:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` երախտագիտություն հայտնելով Հռոմի պապին Հայաստան կատարած  այցի համար: