Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնը համալրւեց նորակառոյց երկյարկանի մասնաշէնքով, որի կառուցումն իրականութիւն է դարձել՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան, Սպահանի եւ Թեհրանի հայոց թեմերի Թեմական խորհուրդների եւ Թեհրանի Հայ Հասարակական միութեան (Հայ ակումբ) նիւթական օժանդակութիւնների շնորհիւ, իսկ շէնքի կահաւորումը կատարւել է Արաբական միացեալ Էմիրութիւնների Ջաւախքի յանձնախմբի միջոցով:
Մասնաշէնքն անւանւել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան վարչապետ, ծնունդով Ախալքալաքցի Համօ Օհանջանեանի անւամբ՝ նպատակ ունենալով ագզային գաղափարներով հայրենասէր երիտասարդներ դաստիարակել: Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը հիմնադրւել է 2007 թւականին եւ զբաղւում է տեղի հայ երիտասարդների հայեցի կրթութեան ու դաստիարակութեան կարեւոր առաքելութեամբ: Կենտրոնում աշխատում են հայերէն, վրացերէն եւ անգլերէն լեզուների ուսուցման խմբակներ, ինչպէս նաեւ հայոց պատմութեան, համակարգչային, ազգագրական պարի, երգի, ասեղնագործութեան, նկարչութեան, շախմատի եւ թատերական խմբեր: Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի սաների թիւը հասնում է 300-ի:
Նորակառոյց մասնաշէնքի պաշտօնական բացումը կատարւեց շաբաթ՝ յունիսի 18-ին, ներկայութեամբ՝ Ախալքալաքի տեղական իշխանութեան ներկայացուցիչների, հոգեւորականների, Թբիլիսիից, Ջաւախքից ու Հայաստանից ժամանած հասարակական գործիչների եւ ջաւախքահայ հայորդիների:
Ծրագրում ողջոյնի եւ երախտիքի խօսքով, ինչու չէ նաեւ օրւան պատշաճ արտայայտութիւններով ելոյթ ունեցան՝ ՀՕՄ-ի Ջաւախքի օժանդակութեան յանձնախմբի նախագահ Բագրատ Սարգսեանը, Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսեանը, Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքից ընտրւած մեծամասնական պատգամաւոր Սամւէլ Պետրոսեանը եւ Ջաւախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիեանը:
Բագրատ Սարգսեանը յատկապէս իր խօսքում նշեց. “Երիտասարդական կենտրոնի այս մասնաշէնքը ծառայելու է ազգային գաղափարախօսութեան սերմանելուն, ծառայելու է հայրենասիրութեան դաստիարակութեանը, երիտասարդների ազատ ժամերի արդիւնաւէտ եւ բովանդակալից անցկացմանը: Այն երիտասարդները, ովքեր կը դաստիրակւեն այս գաղափարներով կը մնան այս հողի վրայ”:
Այնուհետեւ մուտքի դռան ժապաւէնը հատւեց Բագրատ Սարգսեանի եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտ. վարչութեան նախագահ Մկրտիչ Մկրտչեանի միջոցով, որից յետոյ նորակառոյց շէնքն օրհնւեց Տ. Բաբգէն վրդ. Սալբիեանի ձեռամբ ու հոգեւորականաց դասի մասնակցութեամբ:
Ծրագիրն յագեցած էր պարային կատարումներով ու երգերով՝ Ախալքալաքի, Ախալցխայի եւ Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնների սաների կատարմամբ: