Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Վարչապետ Յովիկ Աբրահամեանը կառավարութեան նիստից առաջ խնդրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտէմ Ասատրեանին ներկայացնել ապրիլի 1-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռազմական բախումների հետեւանքով զոհուածների ընտանիքների կարիքների գնահատման ու սոցիալական խնդիրների հաշուառման արդիւնքները:
Ասատրեանը նշեց, որ զոհուածների ընտանիքների սոցիալական հարցերի ուսումնասիրման նպատակով ստեղծուել էր աշխատանքային խումբ, որը մշակել է կարիքների գնահատման մեթոդաբանութիւն: Նախնական գնահատումը վերաբերում է զոհուածների ընտանիքնների սոցիալական խնդիրներին, առողջական, ուսումնական, վարկային, բնակարանային-կոմունալ եւ այլ խնդիրներին:
Ըստ այդմ, ուսումնասիրուել է զոհուած 64 զինծառայողի ընտանիքի խնդիրները: Նախարարը մանրամասն տեղեկութիւններ ներկայացրեց եւ յաւելեց, որ այդ ընտանիքները նաեւ գտնւում են մարզպետարանների ուշադրութեան կենտրոնում։ Բացի դրանից, շարունակւում են մարդկանց կողմից ստացուել նիւթական եւ դրամական միջոցներ:
«Ստացուող օգնութիւններն ու իրականացուող աշխատանքներն աւելի նպատակային ու համակարգային դարձնելու համար առաջարկւում է կիրառել սոցիալական աշխատողի ինստիտուտը»,- ասաց Արտէմ Ասատրեանը: