Աղբիւր՝ www.yerkir.am

 

ՀՀ կրթութեան եւ գիտութեան  նախարար Լեւոն Մկրտչեանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան  արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյեդ Քազեմ Սաջադիին:

Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնները, որոնք դարերի պատմութիւն ունեն, գերակայ են մեր երկրի համար, յատկապէս` կրթամշակութային ոլորտում:

«Հայաստանը միշտ բաց է այլ ազգերի քաղաքակրթութիւնների հաւասարակշռուած ազդեցութեան համար, եւ այս համատեքստում պարսկական մշակոյթի ներկայութիւնը մեր երկրում նպաստում է կրթութեան ոլորտում հարեւան պետութիւնների համագործակցութեան ամրապնդմանը»,- նշել է նախարարը:

Իր հերթին դեսպան Սաջադին, շնորհակալութիւն յայտնելով ոլորտում առկայ համագործակցութեան առնչութեամբ, նշել է, որ տնտեսական զարգացման հեռանկարի հիմքը կրթամշակութային ամուր կապերն են: Այդ առումով, դեսպանը տեղեկացրել է, որ ակտիւ զարգացում կայ միջբուհական համագործակցութեան ասպարէզում եւ յոյս յայտնել, որ դա կը նպաստի նաեւ գիտական համատեղ ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում Լեւոն Մկրտչեանն  ընդգծել է, որ  բուհական համակարգում առկայ փոխգործակցութեան շրջանակն անհրաժեշտ է ընդլայնել հանրակրթութիւնից մինչեւ  գիտութիւն: Այս համատեքստում,  ԿԳ նախարարը պատրաստակամութիւն է յայտնել քննարկել Հայաստանում  պարսկերէն լեզուի խորացուած ուսուցմամբ աւագ դպրոց հիմնելու հնարաւորութիւնը:  Հաշուի առնելով արտաքին քաղաքական նոր իրողութիւնները եւ Իրանի տարածաշրջանային դերակատարութիւնը՝ Մկրտչեանը նշել է, որ Հայաստանի  գիտական համակարգը կարող է արդիւնաւէտ հարթակ հանդիսանալ Իրանի եւ ԷԱՏՄ երկրների միջեւ  գիտութեան մասնաւորապէս` բնագիտութեան ոլորտի համագործակցութեան համար:

Դեսպան Սաջադին առաջարկել է կազմակերպել երկու երկրների կրթութեան նախարարների փոխայցելութիւններ:

Հանդիպման ընթացքում  անդրադաձ է եղել նաեւ երկու երկրների միջեւ պետական աւարտական փաստաթղթերի փոխճանաչման գործընթացին, ուսանողների փոխանակման, միջպետական կրթաթոշակային ծրագրերին եւ մի շարք այլ հարցերի: