Աղբիւր՝ www.yerkir.am
Իրանական կողմի նախաձեռնութեամբ տեղի է ունեցել հեռախօսազրոյց Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեանի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Նախագահ Հասան Ռոհանիի միջեւ:
Նախագահները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում ստեղծուած իրավիճակը: Նախագահ Սարգսեանն իր գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական յարձակման, եւ այդ գործողութիւններին Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակի համարժէք պատասխանի մասին: ՀՀ Նախագահը յատուկ անդրադարձ է կատարել խաղաղ բնակչութեան հանդէպ գործադրած բռնութիւններին` համեմատելով դրանք տարածաշրջանի յայտնի ահաբեկչական խմբաւորումների գործելաոճի հետ:
Իրանի Իսլամական Հանրապետութեան Նախագահն ընդգծել է, որ ահաբեկչական խմբաւորումների եւ ներկայիս այլ մարտահրաւէրների համատեքստում տարածաշրջանում լարուածութեան նոր օջախների բռնկումը չի բխում որեւէ մէկի շահերից եւ անհրաժեշտ է գործադրել բոլոր հնարաւորութիւնները` խաղաղ բանակցութիւնների գործընթացը վերականգնելու ուղղութեամբ: Նախագահ Ռոհանին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում:
Հայաստանի եւ Իրանի նախագահները քննարկել են նաեւ Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի հարցեր` համակարծիք լինելով, որ անհրաժեշտ է շարունակաբար խորացնել երկու երկրների բարեկամական յարաբերութիւնները եւ փոխշահաւէտ համագործակցութիւնը: