Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան ռազմական կցորդ, գնդապետ Հոսէին Շէյխին հրաւիրուել է Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւն: Ռազմական կցորդին ընդունել է ՀՀ պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալ Դաւիթ Տօնոյեանը:

Հանդիպման առիթը ԻԻՀ Արեւելեան Ատրպատականի նահանգապետի տեղակալ Շաբեստարի յայտարարութիւնը եւ դրան առնչուող ադրբեջանական լրատուամիջոցներով շահարկուող լուրն այն մասին, իբր արցախեան ուժերի կողմից հրետակոծութեան հետեւանքով Արեւելեան Ատրպատական նահանգի Վերին Կոլիբէգլու գիւղում կան վիրաւորներ եւ աւերածութիւններ: Իրանի ռազմական կցորդը չհաստատեց վիրաւորների առկայութեան մասին տեղեկատուութիւնը եւ յայտնեց, որ իրանական կողմը դիմել է ինչպէս հայկական, այնպէս էլ ադրբեջանական կողմերին՝ առաւելագոյն ուշադրութիւն ցուցաբերել նման կարգի պատահարները բացառելու նպատակով:

Ճշտելով գիւղի աշխարհագրական կորդինատները, հայկական կողմը յայտնում է, որ նշուած բնակավայրը գտնւում է արցախեան ուժերի թիկունքում, հետեւաբար, հայկական ուժերի կողմից դրա հրետակոծումը քիչ հաւանական է: հանդիպման ընթացքում նշուել է, որ այս փաստը շատ նման է սադրանքի եւ չի բխում հայկական կողմի շահերից:

Հանդիպման արդիւնքում պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց շարունակել անմիջական շփումները՝ ապատեղեկատուութեան տարածումը բացառելու համար: Այս համատեքստում Արցախի պաշտպանական բանակը լրացուցիչ կ'ուսումնասիրի հրետակոծման փաստը եւ համապատասխան կարգով կտեղեկացնի իրանական կողմին: