Աղբիւր՝ www.yerkir.am

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՓՈՐՁԵԼ Է ՆԵՐԽՈՒԺԵԼ ԼՂՀ ՊԲ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԽՈՐՔԸ ԵՒ ԳՐԱՒԵԼ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԴԻՐՔԵՐ

ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը պաշտօնապէս հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկուած ակտիւ յարձակողական գործողութիւնների վերաբերեալ տեղեկատուութիւնը: Գործողութիւնների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի եւ օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանութեան խորքը եւ գրաւել մարտավարական դիրքեր:

Այս պահի դրութեամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիւ գործողութիւնների արդիւնքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտուել՝ տալով բազմաթիւ զոհեր: Մարտական գործողութիւնները շարունակւում են:

ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը խստօրէն դատապարտում է ռազմական գործողութիւններ սկսելու վերաբերեալ ադրբեջանական իշխանութիւնների աննախադէպ ագրեսիւ եւ անպատասխանատու որոշումը եւ պաշտօնապէս յայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է յանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետեւանքների:

Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրութեան աննախադէպ լարման ողջ պատասխանատուութիւնը կրում են Ադրբեջանի իշխանութիւնները:

ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը միջազգային հանրութեան եւ յատկապէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրութիւնն է հրաւիրում ստեղծուած իրավիճակի վրայ եւ ակնկալում է անյապաղ հասցէական միջամտութիւն՝ իրավիճակը վերահսկողութեան տակ պահելու եւ լայնածաւալ ռազմական գործողութիւններից խուսափելու համար:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

ԹԷԺ ԲԱԽՈՒՄՆԵՐ՝ ՍԱՀՄԱՆԻՆ. ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է ՀՐԵՏԱՆԻ, ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱՅ ԵՒ ՕԴՈՒԺ

Ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը շփման գծի հարաւային, հարաւ-արեւելեան եւ հիւսիս-արեւելեան ուղղութիւններով հակառակորդը ձեռնարկել է բացայայտ յարձակողական գործողութիւններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկայ եւ օդուժ:

Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարուածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի եւ մի շարք զօրամասերի մշտական տեղակայման վայրերին:

Այս պահի դրութեամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի ողջ երկարութեամբ տեղի են ունենում թէժ բախումներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրաւէրը, վարում են յուսալի պաշտպանական մարտեր:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

ՊԲ-Ն ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԻ ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ ԳՐՈՀՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌ Է ԽՈՑԵԼ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գօտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախայարձակ գործողութիւններ: Այս պահի դրութեամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական յաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղութիւններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ:

ՊԲ օպերատիւ տուեալների համաձայն` բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զօրքերի շփման գօտու հիւսիսային հատուածում խոցել են հայկական դիրքերի ուղղութեամբ գրոհող թշնամական մէկ ուղղաթիռ:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

ԼԵՒՈՆԱՐԽ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՏՈՅՑՆԵՐՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԻՒԵՐՍԻՈՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԽՈՒՄԲ Է ՈՉՆՉԱՑՈՒԵԼ

ԼՂՀ ՊԲ-ից ստացուած տեղեկատուութեան համաձայն` Լեւոնարխ բնակավայրի մատոյցներում ՊԲ յատուկ նշանակութեան ստորաբաժանման կողմից յայտնաբերուել եւ ոչնչացուել է հակառակորդի դիւերսիոն հետախուզական խումբ, որը, թողնելով դիակներ, նահանջել է:

Մարտական գործողութիւնները շարունակւում են: ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը մշտական կապի մէջ է գտնւում միջազգային կազմակերպութիւնների եւ օտարերկրեայ պետութիւնների ռազմադիւանագիտական ներկայացուցիչների հետ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրութեան զարգացման վերաբերեալ տեղեկատուութեան փոխանակման եւ անհրաժեշտ խորհրդատուութեան նպատակով:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՄԱՐՏԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԵՒ ԱԹՍ ԵՒ ՏԱՆԿ Է ԿՈՐՑՐԵԼ

Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում, ուղղաթիռից բացի, կորցրել է նաեւ ԱԹՍ եւ տանկ: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՊՆ մամլոյ խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

ԱՌԱՒԵԼ ԹԷԺ ՄԱՐՏԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ ԱՐԴԷՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻ ՎԵՐԱԾՈՒԱԾ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳԾԻ ՀԱՐԱՒԱՅԻՆ (ՀԱԴՐՈՒԹ) ԵՒ ՀԻՒՍԻՍԱՐԵՒԵԼԵԱՆ (ՄԱՐՏԱԿԵՐՏ) ՈՒՂՂՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակւում են ռազմական բախումները: Առաւել թէժ մարտեր են ընթանում արդէն ռազմաճակատի վերածուած առաջնային գծի հարաւային (Հադրութ) եւ հիւսիս-արեւելեան (Մարտակերտ) ուղղութիւններով: Այս մասին յայտնում է ԼՂՀ ՊՆ-ն:

Հաստատուած տուեալներով` ղարաբաղեան ուժերը մարտագծի հարաւ-արեւելեան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հիւսիս-արեւելեան ուղղութեամբ՝ 1 տանկ եւ 1 անօդաչու թռչող սարք:

Այս հաղորդագրութիւնը պատրաստման ընթացքում էր, երբ յայտնի դարձաւ, որ ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարաւ-արեւելեան ուղղութեամբ խոցուել է թշնամու եւս մէկ ռազմական ուղղաթիռ, իսկ հիւսիս-արեւելեան ուղղութեամբ՝ 1 անօդաչու սարք:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

ԱՐՑԱԽ Է ՏԵՂԱՓՈԽԵԼ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԲՐԻԳԱԴ

ՀՀ Զու-երը ԼՂՀ ՊԲ-ն ուժեղացնելու նպատակով արդէն Արցախ է տեղափոխել հրթիռա-հրետանային բրիգադ: Մինչեւ այդ մամուլում յայտնուել էին նաեւ տեղեկութիւններ այլ ուժերի, մասնաւորապէս օդուժի տեղափոխման մասին: Այս մասին հաղորդում է Times.am-ը:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

ՈՒՆԵՆՔ 18 ԶՈՀ, 35-ԻՆ ՄՕՏ ՎԻՐԱՒՈՐ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ ԱՒԱՐՏՈՒԵԼ Է ԱԱԽ ՆԻՍՏԸ

ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգութեան խորհրդի Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր երեկոյեան անցկացրել է Ազգային անվտանգութեան խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում քննարկուել են Ադրբեջանական հանրապետութեան կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ լայնածաւալ յարձակման արդիւնքում ստեղծուած իրավիճակը եւ այլ հարցեր, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնը։

Նիստի սկզբում Հանրապետութեան Նախագահը խօսել է ստեղծուած իրավիճակի մասին:

ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը զեկուցել է ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը հակառակորդի սադրիչ գործողութիւններին ի պատասխան ձեռնարկուած գործուն քայլերը` կանխելու սանձազերծուած ագրեսիան: Զեկոյցներով հանդէս են եկել նաեւ ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ Իւրի Խաչատուրովը եւ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը:

Հանրապետութեան Նախագահի կողմից տրուել են մի շարք յանձնարարականներ:

«Յարգելի՛ գործընկերներ,

Ինչպէս ձեզ յայտնի է, այս գիշեր՝ ժամը երեքի կողմերը, Ադրբեջանի Զինուած ուժերը սադրիչ գործողութիւններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Սրանք 1994 թուականի զինադադարի հաստատումից յետոյ ամենախոշորամասշտաբ գործողութիւններն են, որ փորձեցին եւ հիմա էլ փորձում են իրականացնել Ադրբեջանի զինուած ուժերը: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի՝ ժամանակին եւ արհեստավարժ գործողութիւնների շնորհիւ հնարաւոր եղաւ իրավիճակը վերցնել հսկողութեան տակ եւ ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողութեան տակ, այլ նաեւ զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Ընդ որում, հակառակորդն այդ ընթացքում օգտագործում էր ռազմական օդուժ, հրետանու բոլոր տեսակները եւ բոլոր տիպի զրահամեքենաները: Հակառակորդի կորուստները, ինչպէս օդուժի, այնպէս էլ հետեւակի ու զրահատեխնիկայի, զգալի են: Մենք էլ ունենք կորուստներ. այս պահի դրութեամբ 18 զոհ ունենք եւ 35-ին մօտ վիրաւոր:

Միացեալ Նահանգներից վերադարձիս ճանապարհին պարբերաբար իրավիճակը ինձ զեկուցուել է, եւ համարում եմ, որ ընդունուած որոշումները տեղին են, անհրաժեշտ եւ ճիշտ: Յայտնի է, որ Միացեալ Նահանգներ էի այցելել մասնակցելու Միջուկային անվտանգութեան գագաթնաժողովին եւ այդ Գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել փոխնախագահ Բայդենի եւ պետքարտուղար Քերիի հետ: Նրանց կոչ եմ արել, որպէսզի սաստեն Ադրբեջանին՝ չխախտել հրադադարի կանոնները, բայց, ինչպէս տեսաք, այդ հանդիպումից ընդամէնը մի քանի ժամ յետոյ տեղի ունեցան իրադարձութիւններ, որ դեռեւս յայտնի չեն, թէ ինչի կը վերաճեն: Այս պահին սադրանքները շարունակւում են. հիւսիսում եւ հարաւում կայ որոշակի լարուածութիւն, բայց, ինչպէս ասացի, Լեռնային Ղարաբաղի Զինուած ուժերը վերահսկում են իրավիճակը:

Հայաստանի Հանրապետութեան Զինուած ուժերը գործում են ըստ նախապէս մշակուած պլանի, եւ որոշակի նախարարութիւններ, կարծում եմ, առանց աժիոտաժի, առանց որեւէ լարուածութեան պէտք է անցնեն ուժեղացուած աշխատանքի, ուժեղացուած ծառայութեան, ինչպէս նախատեսուած է մեր ծրագրերով: Միջոցներ են ձեռնարկուել սահմանամերձ շրջանի բնակչութեան անվտանգութեան ապահովման համար: Կարծում եմ՝ այդ միջոցները բաւարար են, բայց ես համոզուած եմ եւ առաջարկում եմ քննարկենք, որ մենք մէկ քայլ առաջ պէտք է գնանք: Արտաքին գործերի նախարարութեանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարութեան հետ եւ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնութեան պայմանագիր կնքելու ուղղութեամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել եւ ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետութիւնը լիարժէքօրէն կատարելու է իր պարտականութիւնը Լեռնային Ղարաբաղի բնակչութեան անվտանգութեան ապահովման առումով, եւ մենք նաեւ ունենք դրա իրաւաբանական իրաւունքը, որովհետեւ ինքներս հանդիսանում ենք 1994 թուականին կնքուած հրադադարի համաձայնագրի կողմ:

Բացի Զինուած ուժերից իրենց գործը կատարում են մեր միւս գերատեսչութիւնները. կապ է հաստատուել  միջազգային կառոյցների մեր գործընկերների հետ: Այնուհանդերձ, ինչպէս բազմաթիւ անգամ ասել եմ, մեր խնդիրները մենք պէտք է լուծենք եւ բնաւ չթերագնահատուելով որեւէ մէկի օգնութիւնը: Հիմա Պաշտպանութեան նախարարը եւ Գլխաւոր շտաբի պետը հարցը կը զեկուցեն ռազմական տեսանկիւնից, Արտաքին գործերի նախարարի տեղակալը՝ դիւանագիտական ջանքերի մասին, այնուհետեւ կ'ընդունենք համապատասխան որոշումներ»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսեանը: