Աղբիւր՝ www.yerkir.am
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դաւիթ Լոքեանն ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով դեսպանին` նախարարը գոհունակութեամբ է ընդգծել, որ երկու երկրների ժողովուրդների բարեկամութեամբ ձեւաւորուած կապերն ամուր հիմք են Հայաստանի մարզերի եւ Իրանի նահանգների միջեւ յարաբերութիւնները զարգացնելու եւ խորացնելու համար:
«Մեր մարզերի ակտիւ համագործակցութիւնը Իրանի նահանգների հետ մենք պէտք է կարողանանք նոր մակարդակի վեր հանել»,- ասել է նախարարը հանդիպման սկզբում: Նշելով, որ տարածաշրջանում օրէցօր մեծանում է Իրանի դերակատարութիւնը, Դաւիթ Լոքեանն անհրաժեշտ է համարել Իրանի հետ տնտեսական փոխգործակցութեան ակտիւացումը:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհաւորել է նախարար Դաւիթ Լոքեանին` պաշտօնում նշանակուելու կապակցութեամբ եւ նշել, որ Հայաստանում իր դիւանագիտական առաքելութունն իրականացնելու վեց ամիսների ընթացքում հասցրել է անդրադառնալ բոլոր այն հարցերին եւ խնդիրներին, որոնք գտնւում են ինչպէս նախարարութեան, այնպէս էլ դեսպանութեան ուշադրութեան կենտրոնում:
Նախարար Դաւիթ Լոքեանը եւ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին համակարծիք են եղել, որ Հայաստանի եւ Իրանի տարածքների միջեւ դեռեւս չօգտագործուած ներուժ, համագործակցութեան բաւականին հնարաւորութիւններ ու հեռանկարներ կան, ուստի նախատեսւում է նախարարութիւնում ստեղծել Իրանի հարցերով աշխատանքային խումբ, որը հետամուտ կը լինի երկու երկրների յարաբերութիւնների առաւել խորացմանը վերաբերող հարցերին:
Հայաստանի եւ Իրանի տարածքների միջեւ տնտեսական կապերի առաւել ամրապնդման տեսանկիւնից զրուցակիցները կարեւորել են մարզպետների մակարդակով յաճախակի փոխայցելութիւնները, ինչը, կողմերի համոզմամբ, նոր ակտիւութիւն կը հաղորդի միջմարզային յարաբերութիւններին: Հանդիպմանը քննարկուել են նաեւ Իրան-Հայաստան միջսահմանային տնտեսական տարածք ստեղծելուն վերաբերող հարցեր: