Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Սփիւռքահայ բանաստեղծուհի Անուշ Նագաշեանը վերջերս է գտել Խրիմեան Հայրիկի անտիպ չափածոներից մէկը: Հայաստան է եկել Հայրիկի ձեռագիրն ու դրա հետ յայտնաբերուած լուսանկարները Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցելու:
Խրիմեան Հայրիկն այն վերնագրել է «Թագաւորաց ժողով»: Ենթադրաբար, խօսքը Բեռլինի յայտնի վեհաժողովի մասին է:
Ձեռագիրը, Խրիմեան Հայրիկի այս լուսանկարն ու հայ որբերի երկու այլ լուսանկար Անուշ Նագաշեանին փոխանցել է Անգլիայում բնակուող մեր հայրենակից Աբրահամ Մնացականեանը: Նրա բարեկամները 40 տարի առաջ մի հայ ընտանիքից տուն են վարձակալել, նրանցից գնել են նաեւ գրասեղան, որի գաղտնի դարակն Աբրահամ Մնացականեանի դուստրը վերջերս է յայտնաբերել: Հէնց այդ գաղտնի դարակում էլ պահուած են եղել ձեռագիրն ու լուսանկարները։
Մայր Աթոռի Վաչէ եւ Թամար Մանուկեան Մատենադարանի գրատանում մարտի վերջին հնատիպ գրքերի ցուցահանդէս կը բացուի, որի ժամանակ, իբրեւ բացառիկ նմուշ, կը ցուցադրուի նաեւ Խրիմեան Հայրիկի այս ձեռագիրը: